Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվիրեցի Հուլիանեիս միտքն ու սիրտը կազմելու, առանց զինքը հանձնապաստան ընելու և ոչ իսկ վեհերոտ։ Ուզեցի որ փոքր ի շատե վարժի յուր անձին առաջնորդ ըլլալու. հուսամ թե ժամանակը կ՚ավարտե ինչ որ ես ուրվագրեցի միայն։ Այս հոգատարությանս մասնակցեցան նաև քանի մի հայ աղքատ աղջկունք, որոնց սորվեցուցի մեր հայերենի լեզուն ինչպես և մեր ազգային պատմությունը։ Կը վարժեցնեմ զիրենք սիրել հայ ազգը մեր հին փառազարդ և նսեհ օրերուն պատմությանց մեջ. զի ամեն ոք իրականապես կրնա սիրել բայց ինչ որ ճանչցած և գնահատած է։ Ջանացի մանավանդ հասկցնել անոնց՝ կանանց պաշտոնն երկրիս վրա իբրև կին և իբրև մայր։ Ես այս դուզնաքյա աշխատությամբս ընկերության կը մատուցանեմ աննշան տուրք մ՚իբրև անհատ։

Գործերուս լավ կարգադրությունը զոր կը պարտիմ մեկ բարեկամի, կապահովե ինձ համեստ կացություն մի, զոր գուցե անարգեի ժամանակավ, բայց անդորրալից ինձ թվի արդ։ Միակ ընկերությունս ծովն է զոր կը սիրեմ անչափ․ մտացս կը խոսի, սիրտս կը մրրկե. այն ևս կարծես հրավառ կիրքերով ալետանջ կը հուզվի՝ վայրենաբար և անմռունչ թավալելով. և երբ մեղկությամբ յուր ջուրերն հառաջ կը վարե գրեթե աննշմարելի շարժմամբ, չի՞ ներկայացներ արդյոք վշտաբեկ հոգով պատկերն հանձնառու եղած տառապելու, որ վայրիկ մի գոնե կը հանգչի կրած մրրիկներեն և հոգերեն։ Ո՜հ, ցավահար էակն որ կը համակերպի բռնազբոսիկ հանդարտությամբ ապրելու, ոչ այլ ինչ է բայց հոգի մ՚որ կը փայփայե յուր ծանր շղթաներն և կը ժպտի անոնց շռինդը լսելով․ ի՜նչ փայփայանք և ի՜նչ ժպիտ։ Ծովուն փոփոխակի կատաղության և հանդարտության մեջ զարմանալի նմանություն կը գտնամ սրտիս կացության հետ։ Երբ աղջիկս կը ննջե և լուսինն իբրև բարեկամ հոգի, ինձ վերուստ կը նայի, երբ երկինք աստղազարդ է և կը շրջագայիմ քարափանցս վրա, առանձին, հանդեպ հավիտենականության, քանի՜ցս զգացի ջերմ արտասուք մ՚որ կիյնար Ովկիանոսին ցրտահար ծոցին մեջ։ Այդ արտասվաց պարունակած դառնությունը հոգիս միայն կը ճանչեր, և աստված՝ որ տեսած էր անոր անկանիլը։