Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՛ քանի մի բառերովը մատնեց այն բուռն զգացումն որով համակված էր։

Եթե կը փափագեր Սիսակ Պ. Երանյանի դստեր հետ ամուսնանալ՝ դրդյալ էր առ այդ պարզապես շահախնդիր ակնկալութենե. զի Վարդանույշ միակ զավակ էր հարուստ ծնողաց։ Հետևապես անոր հետ ամուսնանալով դյուրակեցիկ վիճակի կը հասներ, թող թե օր մ՚ալ ժառանգ կը կանգներ պ. Երանյանի։ Ահա գեղեցիկ ու դյուրամատչելի ապագա մի որ կը ներկայանար իրեն այնպիսի դյուրությամբ։ Ինքն կը մտածեր սքանչելի առևտուր մ՚ընել. միթե ամուսնությունն առևտուրի խնդիր չէ՞ դարձած այսօր։ Ահա ինքն պիտի կատարեր ուրեմն մեկ հարվածով ինչ որ այլք ճակտի քրտամբ ձեռք ձգելու հազիվ կը հաջողին՝ այսինքն գեղեցիկ հարստություն մի։

Բայց դժվարություն մի կար որուն հաղթելու էր, այն էր անձին կարևոր կերպարանք մի տալ ընկերային դիրք մը ստանալով, որպեսզի Երանյանց մերժման չենթարկվի։

Ստույգ է որ Փարիզեն վերադարձի միջոցին Սիսակ աղմուկ հարուցած էր իբր անձ բազմահմուտ. սակայն փորձը շուտով հայտնեց թե ույք էին յուր կատարելությունները։ Սկսավ նախ որոտալից հոդվածներ շարադրել լրագրաց համար ընդդեմ իրավագիտաց։ Բայց տկար և անիմաստ քննադատությամբ յուր կարողության չափն հայտնեց, ու տեղի տվավ այլոց արդարացի և արժանավոր դատաքննության իրեն նկատմամբ։

Թեև ինքզինքն ուզեց ծանոթացնել իբր մեծ փաստաբան, անշուշտ հաճախորդաց բազմությունը չէր որ զինքը անհանգիստ կըներ. զի մերթ ընդ մերթ միայն փոքրիկ դատերու համար իրեն կը դիմեին։ Դատերուն զոմանս կորույս, ու զոմանս հաջողեցավ շահելու, որով յուր հաղթանակն ի ձայն թմբուկի հռչակեց՝ պարզամտաց վրա տպավորություն ընելով սակայն։

Առանձին սենեկի մեջ կապրեր Սիսակ ընտանիք չունենալուն պատճառավ, ու իր ժառանգության փշրանքներն հազիվ կը բավեին անձնական պիտոյիցը։ Միշտ լավ ճաշակավ զարդարված էր, և ջանադիր էր փայլիլ առատաձեռնությամբ այն պարագայից մեջ որոնցմե անկարող էր խույս տալու։