Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու երիտասարդը կը խոսեին, ու դուռն կիսաբաց լինելով լսեց անոնց բոլոր խոսակցությունն, ու անգամ մի ևս համոզվեցավ թե Արաքսիա կը ճգներ վերջնական կերպով հեռացնել իրմե զյուր հոմանին։

Ուզածն իմանալեն ետքը, և նկատելով թե անոնց խոսակցությունը վերջանալու վրա էր, հոգվույն բուռն վրեժեն առաջնորդյալ գնաց զարկավ սենեկի դռան Ներսեսի որ հեռու չէր ժամադիր երիտասարդաց գտնված տեղեն։

Ներսես իմանալով որ յուր դռան կը զարնեն՝ արթնցավ երկյուղալից, որ հարցուց թե ո՞վ էր զարնողը։

Տիկին Աբգարյան պատասխանեց ցած ձայնիվ.

— Ես եմ, փութա՛ գալ շուտ առանց ժամանակ կորսնցնելու, և մանավանդ առանց շշուկ հանելու։

Ներսես տեղեն ցատկեց անմիջապես և հարցուց եթե անմիջական վտանգ մի յուր օգնությունը կը պահանջեր։

— Գործելու պետք չկա, տեսնելու խնդիր է,— ըսավ չարաթույն կինը.— շուտ եկու կըսեմ, մանավանդ զգուշացիր լույս վառելե։

Ներսես արագաբար ուսերուն վրա նետելով վերարկուն որ մերձ էր անկողնույն, բացավ դուռը, սրտահույզ հարցնելով.

— Ի՞նչ կա, ի՞նչ եղավ։

— Սպասե՛ հոս առանց հեռանալու, և անձամբ կը դատես եղածն։

Հայտնի է որ վրեժխնդիր կինը կը փափագեր որ Ներսես տեսնե երկու երիտասարդներն առանց սակայն անոնց խոսակցությունը լսելու, զի հայնժամ Արաքսիա անբասիր կը հանդիսանար, մինչդեռ կուզեր զայն արատավորել։

Բայց Ներսես անկարող լինելով սպասելու մթության մեջ մանավանդ այդ անորոշ դիրքին մեջ, ուզեց լույս վառել ու հառաջ երթալ, բայց տիկինը ձեռքեն բռնելով կասեցուց ըսելով.

— Ո՞ւր կը փափագիս երթալ։

— Իմացուր ինձ ի՞նչ կա որ կը բռնադատես զիս հոս անգործ մնալու։ Եթե գողեր կան չեմ հանդուրժեր որ հոս մնամ առանց անոնց դեմ քայլելու։