Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գորովանաց ապացույց մի տեսավ։ Ստույգ է որ ոչինչ գիտեր երիտասարդին ստեպ այցելությանց մասին առ տիկին Աբգարյան ու անոնց ունեցած հարաբերությանց վրայոք բնավ կասկած չուներ։

Վարդանույշ յուր ծայրահեղ վհատութենեն և տկարութենեն մեկեն ի մեկ առ կյանս վերադարձավ։ Մոռցավ թե հիվանդ եղած էր, այնչափ մեծ էր հինքն աշխույժը։ Անկողնեն ելավ, ու անհամբեր սկսավ սպասել հաջորդ օրվան որ հատկացյալ էր յուր սիրելվույն գալստյան։

Իսկ Արաքսիա ուրախ էր ոչ թե հակամայս կատարած գործին վրայոք այլ վասնզի կը նկատեր յուր բարեկամուհվույն չափազանց երջանկություն։ Ուստի հրաժեշտի ողջույնը տալեն՝ ու մտերմին խառն երախտագիտական խոսքերն ընդունելեն վերջը, մաքուր խղճի գոհունակությամբ փութաց վերադառնալ տուն, հուսադիր լինելով հասնելու հոն հառաջ քան զզարթումն Ներսեսի, որով յուր բացակայությունն արդարացնելու չէր հարկադրվեր, նամանավանդ նոր կասկածներ հարուցանելու առթե մ՚ալ կազատեր, զի լավ կը ճանաչեր երիտասարդին կասկածոտ բնավորությունը և մեծ զգուշությամբ կը վարվեր միշտ անոր նկատմամբ։

Կասկածոտությունն ու նախանձը հատուկ ախտերն են բոլոր սիրահարաց։ Ամենեն դրական մարդը բանաստեղծ կը դառնա երբ սիրահարյալ է, այնչափ զարմանալի իմն հաջողակությամբ կասկածանաց ծնունդ կուտա, և գուրգուրալով ու նախանձախնդրությամբ զանոնք կը սնուցանե, այլ և այլ գույներով կը զարդարե, և ոչնչեն ահագին շենք մի կը կառուցանե։

Երբ վարժուհին աշակետուհյացը սենյակը մտավ, երկուքը միատեղ դեպ անոր ընթացան, և անհամբերն Արմինե գոչեց.

— Օրիո՛րդ, գիտե՞ք մեր եղբայրը մեկնեցավ։

Արաքսիան այլայլեցավ չարաչար․ ինչպես, մտածեց, արդե՜ն Ներսես արթնցած և տունեն դո՞ւրս ելած է։

Բայց Արմինե առանց անոր ժամանակ թողլու որևէ հարցում մ՚ընելու, ու տղայոց մասնավոր նախանձախնդրությամբ շուտով կատարելու իրենց հանձնված պաշտոնը, փութաց գրպանեն