Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոչ ալ խղճմտություն կըներ անոր տան մեջ ապրելու քանի որ ընդ հովանավորությամբ յուր խոսնայրին կը գտնվեր։

Ոչ միայն վարժուհին երբեք ակնարկություն չէր ըրած Ներսեսի յուր մորվին թեթևսոլիկությանց վերաբերմամբ, այլ ծնողացն իսկ աննպաստ խոստովանություն մ՚ըրած չէր բնավ։ Չար լեզվի պաշտոնն անշուշտ Արաքսիայի նման բարի հոգի մ՚ունեցող անձի մի դերը չէր կրնար լինել։

Երբ աղջիկն նամակն կարդաց՝ արձանացավ։ Զինքը կարձակեին ուրեմն անարգանոք իբր նվաստ և խայտառակ արարած մի, երբ ինքն նպատակ ունեցած է յուր արժանապատվությունը ի վեր քան զամենայն նկատելու։ Բայց նույն միջոցին մտքեն անցավ թե յուր գիշերային հյուրընկալությունը վկա մ՚ունեցած էր գուցե, և թե այդ կրնար լինիլ Ներսեսի դժգոհության պատճառը ինչպես և տիկին Աբգարյանի նախատալից ակնարկության։ Գանգը կարծես ջախջախեցավ այդ մտածությամբ, ու քիչ մնաց որ երկրորդ նվաղում մ՚ունենար։

Տիկին Վարսամյան նկատելով ղստերն անհանգստությունը սուրաց առ նա, ու պետք եղած հոգն հայթայթեց անոր, մինչ անդամալույծ հայրն անկարողությամբ կը գալարեր։ Երբ կույսն սակավ ինչ ոգևորելով կարողացավ խոսիլ, այլայլյալ մայրն ուզեց այդ նամակին պարունակությունը ճանաչել, քանի որ ինքն յուր տգիտության պատճառավ անկարող էր ընթեռնուլ զայն։

Ի՞նչ կրնար հայտնել սրտաբեկ Արաքսիան. ինչպե՞ս կարելի էր իրեն կատարյալ խոստովանություն մ՚ընել առանց դրժելու յուր խոստումն առ Վարդանույշ, նամանավանդ երբ մայրն անիրավ հակառակություն մ՚ուներ ընդդեմ այն ընտանյաց։ Հետևապես հայտնեց պարզապես թե յուր տիրուհին զինքն կարձակեր օգուտ քաղելով Ներսեսի ուղևորութենեն․ զի, կը հարեր կույսն, ենթադրելի է թե տիկինր վերահասու եղած էր իրենց սիրային հարաբեբությանց, և ջանադիր էր իրենց ամուսնությունն արգիլել։

Արդեն Ներսեսի հանկարծական ուղևորությունն իմացուցած էր Արաքսիա յուր ծնողացն առանց անոր դժգոհության վրայոք բան մի խոսելու, մանավանդ որ կզգուշանար անոնց