Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/572

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԼԸ.

Օրերը, շաբաթները կանցնեին ու Արաքսիա իզուր կսպասեր ակնկալած պատասխանին․ նամակն ապահովագրած էր որով անպատճառ ձեռք անցած էր այն։ Վշտահար կույսը կը հետևցներ թե ինքը մոռցված էր Ներսեսեն, քանի որ և ոչ տող մի կուղղեր իրեն․ ապշած էր, տարակուսած էր, և չգիտեր ի՞նչ միջոց գործածել երիտասարդին դժգոհության պատճառն իմանալու համար։

Վերստին գրե՜լ անոր․ ոչ, զալդ կը մերժեր յուր արժանապատվությունը զի ինքն անմեղ լինելովն հանդերձ՝ խոնարհած էր մինչև հանցավորի դիրք առնելու, և աշխատած էր յուր անձն արդարացնել նախկին նամակավն, և ամեն ապահովություն տալ յուր անմեղության նկատմամբ․ իսկ ի փոխարեն և ոչ մեկ տող կընդուներ։

Մտածեց, խորհուրդ խորհուրդի վրա բարդեց, և ի վերջս տապալեց մտքին կանգնած շենքը, զի անկարող էր հաշտեցնել ի միասին թե սրտին և թե արժանապատվության պահանջմունքը։ Ուրեմն մտադիր եղավ համբերությամբ սպասելու որ ժամանակը զյուր անմեղություն երևան հանե, եթե սակայն Ներսես՝ զինքն անարժան համարելով յուր սիրույն, ուրիշի չձոներ զյուր սիրտ։

Սիրել, սիրվիլ և հալածվիլ առանց հալածանաց պատճառն գիտնալու, մարդուս վիճակված դրից ծանրագույններեն մին է։ Անորոշություն, կասկած և երկյուղ, ասոնք են հարակից պայմանքն սույն անտանելի դիրքին, և այդ տանջանքներե կը կրծվեր մարտիրոս կույսը։

Արաքսիա չուներ խորհրդակից մի զինքն առաջնորդելու յուր շփոթ տրամադրությանց մեջ, և ոչ մեկը կար սրտին բեռը թեթևցնելու համար։ Կը լռեր, կը տագնապեր առանց ծնողացն ոչինչ հայտնելու յուր դառն կացության վրայոք։

Բայց սրտի մարտիրոսությունը չէր բավեր թշվառ աղջկան, հարկ էր նաև հայթայթել ծնողացը միջոց ապրուստի։ Աշխատության գաղափարը, ընտանյացը օգտակար լինելու հույսը կարծես փրկության խարիսխ մ՚էր այն հուսահատության օվկիանին մեջ ուր ինքը կը ծփար իբր խաղալիք բախտի։