Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ․ Երանյան, հետ երկար ընդդիմության, ուրեմն համոզվեցավ վերջապես, և հավանությունը տալով աղջկան ամուսնության, որոշեց օգնել Սիսակի, հառաջացնել զայն, և ըստ կարելվույն անոր ապագան հաստատել։

Ծնողաց հաճությունն ստանալով կարծես Վարդանույշ պիտի հիմարեր, եթե երբեք երջանկությունը կարենար հիմարեցնել։ Ի՜նչ գեղեցիկ երազներ կըներ, ամեն ինչ վարդագույն և լույս էր իրեն համար։ Արաքսիայի հետ կը խոսեր ապագային վրա անձանձիր և անձնասեր առատախոսությամբ որ հատուկ է երջանիկ անձանց, առանց ի նկատ առնելու թե աղջկան ճակատը տխրությամբ կը վարագուրվեր մեն մի անգամ որ յուր մոտալուտ ամուսնության վրա կը խոսեր։

Ոչ թե Արաքսիա կարող էր որևէ նվաստ զգացում մ՚ունենալ ի տես երանության յուր բարեկամուհվույն, այլ կը հիշեր թե ինքն ևս նույն երազներն ըրած էր քիչ ժամանակ հառաջ, և թե անհետացած էին անոնք իրականանալե հառաջ։

Վարդանույշ նշմարած էր արդարև Արաքսիայի տխրությունն որ անհայտ չէր կրնար անցնիլ յուր չափազանցության պատճառավ իսկ։ Եվ երբ նա պատճառն ուզած էր հասկնալ աղջիկը վերագրած էր զյուր ցավ անգործությանն, և զայդ հավատացած էր Վարդանույշ, թեև տարօրինակ թվեր իրեն այդպիսի ծայրահեղ վիշտ մի։ Բայց այնչափ մեծ էր վստահությունն յուր մտերմին վրա որ բնավ մտքեն չէր անցած ուրիշ պատճառ մ՚ալ փնտրել։

Ուստի երբ մեկնեցավ Արաքսիա՝ կույսն երջանիկ թե՛ ուրախացավ և թե՛ ցավեցավ։ Գոհ եղավ, վասնզի յուր բարեկամուհին մտատանջութենե կազատեր նյութական վիճակն ապահովելով. տրտմեցավ՝ որովհետև կը բաժնվեր այն միակ էակեն որուն առջև սանձարձակ ազատությամբ յուր սիրտը կրնար բանալ։ Բայց մխիթարվելու համար ժպտուն հույսն ուներ իբր ընկեր, և մոտակա ակնկալությունն իմացնելու յուր Սիսակին թե ոչ ևս արգելք կար իրենց միացման, թե ապագան իրենցն էր, թե երանության աշխարհ մի կը պարզվեր իրենց առջև։

Շաբաթ մի ևս, կր մտածեր գոհ կույսն, և ահա յուր սիրելին կը վերադառնար անշուշտ, զի հայնժամ կը լրանար անոր