Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբգարյանի կը բավեր հարուստ լինիլ տոհմային ցեղի մի բոլոր հավակնություններն ունենալու համար։ Ուստի գաղղիացի դասատուի հանձնեց յուր երկու աղջկանց գաղղիերեն սորվեցնելու հոգն, ինչպես գերման վարժուհվո մի զանոնք կրթելու և անոնց մոտ ապրելու պաշտոնն։

Գերմանուհին հասակավոր աղջիկ մ՚էր, անախորժ ու ցուրտ արարած մի, որ ոչ այլ ինչ գիտեր բայց մեքենայի ճշտությամբ հառաջ վարել կյանքն, իբր թե պարզ նյութական գործիք մի լիներ այն։ Հագվելու, քայլելու, խոսելու և գործելու եղանակն, ամեն ինչ մեկ խոսքով, կարծես կարկինով չափած էր։ Երբեք չէր հայտներ հանկարծական բաղձանք մի, պետք մի, խնդություն մի, տխրություն մի։ Յուր կիրքերն այնպես կարգադրած թվեր լինել որ միշտ չափաբերական ճշտությամբ կը շարժեին առանց իրենց ընթացից մեջ անկանոն շարժում մ՚ընելու։ Բացի դասախոսության ժամանակեն, բառերը խիստ սակավ էին, և բերանը կը բանար միայն երթ հարկը պահանջեր, դիտողություն մ՚ընելու և կամ պատվեր մի տալու համար։

Այդ հասակավոր աղջիկն երբեք գորովո բառ մի չուներ տղայոց համար, կարծես զինվորական մ՚էր որ զորացն հպատակության և ճշտության ակնդետ էր միայն։

Տարիքոտ աղջիկները գոգցես չեն ներեր ուրիշ կանանց իրենց ամուսնական և մայրական երանությունն, ու ինքզինքնին արհամարհած համարելով ոչ մեկու մ՚ուշադրությունն ու սերը գրաված չլինելուն համար, իրենց դառնությունն ընկերության վրա կը ժայթքեն, ու այնու եղանակավ իրենց վրեժը կը լուծեն։

Հետ սրտագրավ վարմունքին Արաքսիայի՝ դժվար էր տղայոց հաշտ աչոք նայիլ և առանց զգածվելու իրենց նոր վարժուհվույն խիստ ձևերուն։ Բայց խեղճ արարածները բնավ համարձակություն չունեին իրենց մոր գանգատ մ՚ընելու գերման վարժուհվույն խստության վրայոք, քանի որ մեն մի անգամ որ տիկին Աբգարյան յուր դժգոհությունն ուզեր հայտնել մանկանց, կըսեր. «Անշուշտ Արաքսիայի նման բնավորությամբ թույլ վարժուհի մ՚ունենալնուդ համար է որ անկիրթ եղաք»։

Թող թե տիկին Աբգարյան անտարբեր էր գիտնալու թե ո՛ր եղանակավ կը վարվեր վարժուհին յուր զավակացը հետ, այլ