Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդանույշ եթե ցավեցավ այդ անհավատարմության մասին, մյուս կողմանե ևս սիրտն սփոփեցավ։

— Սակայն,— հարցուց նա,— ինչպե՞ս տիկին Աբգարյան կրնար գիտնալ մեր հարաբերություններն և Արաքսիայի իմ խորհրդակիցս լինելն, եթե դուք ձեր բոլոր գաղտնիքն հայտարարած չլինեիք իրեն՝ իբր ձեզ սիրելի անձի։

— Ես ոչինչ հայտնած էի իրեն, վասնզի բնավ համարում չունեի անոր վրա, և եթե կը ներեք ինձ խոսիլ ազատորեն, կը նկատեի զայն իբր անարգ խաղալիք մի և ոչ թե իբր արժանավոր բարեկամուհի։

— Ուրեմն ինչպե՞ս տեղյակ էր ձեր գաղտնյաց։

— Նույն գիշերն որ Արաքսիա ընդունեցավ զիս Աբգարյան տան մեջ, մինչ կը կարծեինք մեր խոսակցության վկա չունենալ, կերևա թե տիկին Աբգարյան ունկնդիր եղած էր մեր ամեն բառերուն, և նկատելով որ Արաքսիա ջանադիր կը լիներ անհուն եռանդյամբ ձեր դատը վարելու սիրահորդ սրտի մ՚առջև որ անհամբեր էր յուր բախտը միացնելու ձերինին տիկին Աբգարյան՝ ի վրեժխնդրություն Արաքսիայի ընթացից անմիջապես արձակեց զայն հետևյալ օրն իսկ։

— Ո՜վ անխիղճ կին, — գոչեց Արաքսիա, ևս քան զևս հաստատվելով թե նա հեղինակն էր բոլոր յուր աղետից։

— Ես շիտակը խոսելով,— հարեց Սիսակ,— ուրախացա Արաքսիայի հեռանալուն վրայոք այնպիսի կնոջմե, թեև ես իրեն բնավ բան չխոսեցա, և ոչ իսկ գիտցածս իմացուցի պարապ տեղը զինքը չվշտացնելու համար։

Վարդանույշ յուր հանցանքը կը հասկնար, ու թե կը ցավեր յուր բարեկամուհվույն անիրաված լինելուն, և թե կարյուներ հաստատելով Սիսակի անհավատարմությունը, բայց ի՞նչ կրնար ըսել երբ արք ամեն ազատություն կը շնորհեն իրենց անձին, մանավանդ երբ տակավին ամուսնացած չեն։

— Սակայն, — հարցուց Վարդանույշ հետաքրքրությամբ,– ի՞նչ պետք ունի տիկին Աբգարյան Արաքսիա արատավորելու երբ կրնար ուրիշ նախանձորդ մի հարուցանել իմ առջևս։

— Տիկին Աբգարյան ուզեց որ ես հրաժարիմ ձեզմե անպատճառ, և զայդ մերժեցի կատարելապես, զի զձեզ հաստատապես կը սիրեի և կը սիրեմ,— ըսավ խորամանկ երիտասարդը