Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և խավարը զոր արք յուր շուրջը կը բարդենք վերապահելով իրենց դիտությանց և իշխանության առանձնաշնորհությունն։ Եվ զարմանալի կետն այն է որ կնոջ դիզած մթությունն այրը կը ջանա ջնջել յուր լուսովն անրնդհատ, և այսու եղանակավ ընկերությունը փոխանակ միշտ ընդ առաջ ընթանալու մերթ հետս կ՚ընկրկի, և մերթ հառաջ կը քայլե քանդելով մեկ կողմեն ինչ որ կը գործե մյուսեն։ Այսպես ուրեմն, արանց համար նախամեծար է դժվարին և թերի աշխատությունն անձանցն վերապահելով իշխանությունը, քան թե հեշտագին և հառաջադեմ գործողություն մի կանանց հետ հավասարություն ունենալով։

Կը բանտարկեն զկին տանը մեջ՝ ըսելով անոր «Այս վայրին մեջ ամփոփե՛ բարոյական ուժդ. հոս պիտի նվաղի՝ իբրև երկար օրհաս, ինչ որ գործելու կորով և դիտավորություն ունիս. սահմանավայրդ` ահա՛ այս չորս որմերն են. հոն զավակներդ խնամե, ահա պաշտոնդ»։ Արդարև վսեմ է մարդկության հոգատարության պաշտոնը, սակայն այդ պաշտոնին գործադրության համար կը տրվի՞ն արդյոք պետք եղած միջոցներն, սկզբունքն և ուսումը որոնցմե կախում ունի ընկերության առավել կամ նվազ փայլուն ապագան։ Երիտասարդուհին որ կամուսնանա, շատ անգամ չգիտեր յուր մայրենի պարտքը, և յուր տգիտութենեն կը բղխի մոլորությունը, մոլորութենեն մոլությունը, մոլութենեն ապականությունը, ապականութենեն տկարությունը, այսինքն քայքայումն, ընկերության մահը։ Այսպես ուրեմն, կնոջ տգիտությունը և ստրկությունն ի վտանգ կը դնե բոլոր ընկերային շենքին հաստատությունը։

Կինը որ մայր եղած է՝ նպատակ մ՚ունի վերջապես։ Բայց կը հարցնեմ ես, արք ինչ՞ նպատակ կուտան անորդի կամ չամուսնացած կնոջ որ աղքատ կարգին չի վերաբերիր։ Կամ անգործությունը և մահաբեր ձանձրույթը զինքը պիտի մաշեցնեն, և կամ վնասակար պճնասիրությամբ պիտի պարապի։ Առաջին և երկրորդ մասին մեջ ընկերությունը նույնչափ զրկվել է կանանց գործակցութենեն՝ որ հակառակ սեռին գործունեության միանալով՝ հառաջադիմության հետևանքը կը կրկնապատկե:

40