Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ապա պետք է պարտամուրհակ մի տալ տիկին Հարթմանյանի՝ պահանջած գումարիդ ի փոխարեն։

— Պատրաստ եմ կատարելու ամեն պայման։

— Եվ եթե կարելի լինի՝ առ առավելն պիտի ջանամ ստանալ տիկնոջմեն երկու տարվան միջոց մի, թեև այդ պայմանաժամեն շատ հառաջ կրնաս պարտքդ վճարել, քանի որ պ. Երանյան զքեզ յուր գործողությանց ընկեր ընելու մտադիր է։

— Ամեն ջանք պիտի ընեմ, վստահ եղիր։

— Ուստի կը հուսամ թե տիկին Հարթմանյանե այդ գումարը կստանաս իմ երաշխավորությամբս։

— Ո՜վ անզույգ աղջիկ,— ըսավ Սիսակ, անոր ձեռքն համբուրելու փորձ փորձելով ի նշան երախտագիտության։

Բայց Արաքսիա ձեռքը քաշելով, ըսավ․

— Այդպիսի արտաքին ցույցերու թշնամի եմ, գիտես արդեն։

— Բայց այդ երախտապարտ սրտիս բերմունքն էր,— ըսավ Սիսակ, աչերուն մեջ արտոսր մի փայլեցնելով։

Երբ մարդս կը հանդիպի մեկու մի որ զինքն անխուսափելի վտանգե կազատե՝ նույն պահուն գոհունակության սաստկութենեն յուր անձնասիրությունն զգայնության կը փոխվի, մինչև ամենեն փափուկ սրտերու երախտագիտությունն զգալու չափ։

— Սա ևս ավելցնեմ քեզ, Սիսակ,— ըսավ Արաքսիա,— որ եթե երբեք անփույթ լինիս հետ ամուսնությանդ և անվճար թողուս պարտքդ առ տիկին Հարթմանյան, եթե սակայն ինչպես կը հուսամ հաճի զայդ գումար վճարելու, ես մինչև ցվերջ կենացս պիտի աշխատիմ հատուցանելու համար քու ստանձնած պարտքդ։

— Արաքսիա՛, եթե հանցավոր եմ իբր երիտասարդ, սակայն զիս այդչափ անպատիվ կարծելու իրավունք տված չեմ քեզ իբր մարդ, որպեսզի դու նախատինքն երեսիս նետես։

Արաքսիա չպատասխանեց, այլ ըսավ միայն․

— Երբեք չեմ ներեր քեզ եթե իմանամ թե տիկին Աբգարյանի պատասխանած ես, կամ մոտեն ու հեռվեն որևէ հարաբերություն ունեցած ես հետը։