Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե դու գոհ և ուրախ լինիս, ես ալ նույնը կը լինիմ։

— Սակայն, եղբայրս, կը փափագիմ որ վաղն առավոտ իսկ երթաս ի տեսություն մեր վարժուհվույն, իմացնես իրեն թե միշտ զինքը սիրած եմ, և թե կը փափագիմ զինքը տեսնել ժամ հառաջ։

Խեղճ աղջիկը կը վախնար որ գուցե ժամանակ չունենար այդ տեսությունն ընելու եթե գործն երկարաձգվեր։ Եվ հիվանդաց հատուկ անհամբերությամբ խնդրեց Ներսեսեն որ առավոտուն գա զինքն ողջունելու Արաքսիայի այցելության երթալեն վերջն, որով և անոր պատասխանն հաղորդե իրեն։

Աղավնիի անհամբերությունը կը համապատասխաներ Ներսեսի սրտին անձկության. եթե կարելի լիներ երիտասարդին՝ գիշերվան մեջ իսկ պիտի դիմեր Արաքսիայի, անկե ճշմարտությունն իմանալու համար։

Ուստի Ներսես իմացավ Աղավնիեն թե երիտասարդուհին տիկին Հարթմանյանի տան մեջ կը բնակեր։

— Արդյոք կրնա՞ս զրուցել ինձ հասցեն տիկին Հարթմանյանի,— հարցուց Ներսես։

— Այո, եղբայր։

— Բայց դու ամեն ինչ կիմանաս ուրեմն, հետաքրքիր քուրիկ,— գոչեց երիտասարդն ուրախությամբ։

— Հետաքրքիր եմ ինձ սիրելի անձանց նկատմամբ։

Ներսես ուզածն իմանալեն վերջը քիչ մի ևս հիվանդին քով կեցավ, խոսակցեցավ անոր հետ, և երբ աղջիկն աչերը գոցեց՝ հեռացավ անձայն առանց երկու քնացողներուն քունր վրդովելու, մտավ յուր սենյակն, ու հազիվ հազ կարողացավ ննջել մեկ-երկու ժամ, այնչափ հուսադրող և կասկածից՝ միմյանց ներհակ գաղափարներ միտքը կզբաղեցնեին։

ԳԼՈԻԽ ԿԲ.

Առավոտուն արշալույսին հետ ելավ Ներսես, մասնավոր խնամոք զանձն յուր զարդարեց, և այլ և այլ բաներով աշխատեցավ որպեսզի հաջողի երկու-երեք ժամեր անցընելու՝ մինչև որ առավոտյան վայելուչ ժամու մի կարենար ներկայանալ տիկին Հարթմանյանի տունը։ Նույն առավոտ Արաքսիա