անմիջապես, մինչ Ներսես ներս մտնելով դեմ առ դեմ գտնվեցավ աղջկան հետ։
Արաքսիա ոտքի վրա էր, և քայլ մի ետ առնելով նստարանին վրա անկավ անխոս։
Ներսես, ոչ նվազ հուզված, կը նայեր անոր զոր այնչափ սիրած էր, և զոր կը սիրեր տակավին հակառակ յուր կամաց։ Բայց հաջողելով հաղթելու յուր հուզման, և չգիտնալով եթե Արաքսիա հանցավո՞ր էր թե անմեղ, պաշտոնական ձևով մի ըսավ.
— Օրիո՛րդ, կուգամ նվիրական պարտք մը կատարելու։
— Պատրաստ եմ ունկնդիր լինելու ձեզ,— պատասխանեց աղջիկն հանդարտությամբ մի զոր կը ստեր յուր աղմկալից սիրտը։
— Կը փափագիմ հաղորդել ձեզ գուցե վերջին կամքն ողբացյալ Աղավնիի,— ըսավ երիտասարդն հուզմամբ։
— Ո՛վ իմ պաշտելի Աղավնիս,— մրմնջեց օրիորդը,— ղու չմոռցար զիս գոնե։ Բայց խնդրեմ այնչա՞փ անհույս է ուրեմն այդ պաշտելի արարածին վիճակը։
– Դժբախտարար այնպես կերևի։
— Ո՛վ աղետք։ Խնդրեմ, ի՞նչ կը պահանջե Աղավնիս։
— Կուզե զձեզ տեսնել վերջին անգամ մի,— ըսավ Ներսես նվաղյալ ձայնիվ։
Արաքսիա սկսավ լալ հորդառատ։ Թեև սաստիկ զգածվեցավ Աղավնիի հայտնած փափագին, սակայն այդ լավ պատրվակ մ՚էր առանց ամաչելու և խոնարհելու, յուր արտասվաց հոսելու ազատություն տալու համար։
Ներսես դժվարավ կը հաղթեր յուր արտասվաց, և կը կարծեր գտնել վերստին զյուր սրտին հատորը։ Բայց Արաքսիա ընդհակառակն զայն ամուսնացած կարծելով զյուր կորուստը կուլար։
Օրիորդն սակավ ինչ հանդարտելով, հարցուց․
— Ո՞ւր արդյոք հնարավոր է ինձ տեսնել զԱղավնին։
— Ոչ տանը մեջ։
— Այդ անհնար է արդեն, գիտեմ, զի դժբախտաբար թշնամություն հարուցած եմ ինձ դեմ առանց սակայն մեկու մի վնաս հասցնելու, եթե ոչ իմ անձիս։