— Դու իմ հա՞րսս պիտի լինիս ուրեմն,— ըսավ Աղավնի սրտագին եղանակավ։— Մեղք որ զքեզ վայելելու ժամանակ չպիտի ունենամ,— մրմնջեց զգայուն աղջիկն, մինչդեռ լռիկ արտասուք աչերեն վար կը գլորեին։
— Ո՛հ, մի՛ այդպես խոսիր,— ըսավ Արաքսիա, հուզմամբ մի զոր հազիվ կարող էր ծածկել.— դու պիտի ապրիս երկարորեն։
Ներսես Արաքսիայի ետևը կեցած աչերը կը սրբեր առանց բնավ բառ մ՚արտասանելու․ իսկ Արմինե մտածելով թե մոտալուտ հարսանիք մի պիտի ունենային, կուրախանար յուր հարուցած աղմկին մեջ, ու չէր լսեր հոգեմաշ խոսքերն յուր քրոջ։
Պ․ Աբգարյան հիվանդին խուցը մտավ առաջնորդելով տիկին Վարսամյանի, մինչ տիկին Աբգարյան կը վերադառնար յուր սենյակը՝ կրած դառնությունը մարսելու համար հոն առանձին։
Աղավնի ժպտեցավ տիկին Վարսամյանի, և ապա հորը դառնալով ըսավ.
— Հա՛յր իմ, որչա՜փ երջանիկ եմ տեսնելով իմ սիրեցյալ օրիորդս, կարծես թե կը վերածնիմ։
— Աղջիկս — պատասխանեց հայրը, — կը խնդրենք օրիորդեն որ ամեն օր գա զքեզ տեսնե։ Հուսամ թե տիկին Վարսամյան ընդդիմություն չըներ այդ։
— Ընդհակառակն, շատ ուրախ կը լինիմ,— պատասխանեց տիկինն որ չգիտեր ինչպես վարվիլ այդպիսի մեծափարթամ անձի համակրությունը վայելելու համար։
— Ուստի պիտի գա՞ք, օրիորդ,— հարցուց Աղավնին, աղերսալից նայվածք մի արձակելով անոր։
— Կը տարակուսի՞ս արդյոք, հրեշտակս։
— Ո՜հ, շնորհակալ եմ, օրիորդ,— ըսավ հիվանդը նվաղյալ ձայնիվ։
— Հա՜յր,— ձայնեց անուշ աղջիկն,— խնդիրք մի ևս։
— Խոսե՛, զավակս։
— Կը փափագեի, որ մոտ օրերս կատարվի ամուսնությունն իմ եղբորս, մի՛ մերժեր ինձ զայդ։
— Լավ, զավա՛կս,— պատասխանեց հայրը, մինչև հոգվույն