(1841-1901)
Սրբուհի Տյուսաբը հայ գրականության պատմության մեջ հայտնի է երեք վեպերով՝ «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ վարժուհին»։
Պատկանելով 80-ական թվականների գրական սերնդին, ստեղծագործելով Մամուրյանի, Չիլինկիրյանի, Արփիարյանի, Հր. Ասատուրի և ժամանակի արևմտահայ այլ գրողների շրջանում, նա ակտիվ մասնակցություն ունեցավ գրական-հասարակական կյանքին՝ համընթաց գնալով առաջադեմ մտավորականության հետ։ Գրական դաստիարակություն ստանալով իր ուսուցիչ Պեշիկթաշլյանի մոտ, ապա ոգևորվելով ֆրանսիական ռոմանտիզմով, հատկապես Հյուգոյով ու Ժորժ Սանդով, նա կանխորոշեց գրական իր համակրությունները և գարձավ արևմտահայ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Ստեղծագործական պրոբլեմատիկայով Տյուսաբը չափազանց միասնական է։ Իր վեպերի առանցքում նա գրել է հիմնականում կնոջ ազատագրության հարցը և դրանով իսկ վաստակել «հայկական Ժորժ֊Սանդ» որակումը։ Զարգացած, ազատամիտ, հախուռն բնավորության տեր Տյուսաբը, առանց կաշկանդող պայմանականության, ազդարարել է կնոջ ազատության իրավունքը, դիմազերծել ընտանիքի և բարոյականության տիրապետող նորմաները։ Արծարծած գաղափարներով, համակող, վարակիչ շնչով, գեղարվեստական յուրահատկությամբ նրա երկերը այսօր էլ պահպանել են իրենց գրական-պատմական արժեքը։
Սրբուհի Տյուսաբը[1] (Սրբուհի Վահանյան) ծնվել է 1841 թվականին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում, հարուստ ընտանիքում։ Նախնական կրթությունն ստանալով ընտանիքում, նա այնուհետև սովորում է Կ. Պոլսի ֆրանսիական վարժարանում։ Կրթության և դաստիարակության օտար ձևերը երիտասարդ Սրբուհու մոտ պատվաստում են որոշ քամահրանք դեպի հայրենի լեզուն և սովորությունները։
- ↑ Տյուսաբ ազգանունը նա ժառանգել է իր ամուսնուց, որն ազգությամբ ֆրանսիացի էր, երաժիշտ-դաշնակահար։