Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսնելու երազը։ Հասա Փարիզ՝ քաղաքակրթյալ աշխարհի մայրաքաղաքն, ուր մարդկային հանճարին ո՛ր աստիճանի հսկայանալն ակներև կը տեսնվի. ուր ամենայն ինչ շարժում է և կյանք, և ուր կարծես ամեն մարդ կուզե օգտիլ ժամանակեն, պարագաներեն և դեպքերեն։ Քանի մի տեսածներես հետևցուցի թե հոն ամենայն ինչ անընդհատ շարժման ենթակա է, միտքը, սիրտն ու մարմինը։ Մարդիկ կապրին գործելու, հառաջանալու և վայելելու համար։ Բայց դատելու համար՝ քննելու, բաղդատելու, ուսումնասիրելու է, և մանավանդ ազատ միտք ու սիրտ ունենալու է․ իսկ ես ոչ մին և ոչ մյուսն ունեի, զի միմիայն մեկ գաղափարե պաշարված էի, այսինքն Տիգրանա բերնեն կյանք ընդունիլ և կամ մահվան վճիռը լսել։

Փարիզ հասնելուս պես փութացի Տիգրանա բնակարանն երթալ և զինքը փնտրել։ Բացակա է նա, պատախանեց դռնապանն, այնպիսի ցուրտ եղանակավ որ կարծես թե խոսելու կը դանդաղեր։ Աչքին փայլեցուցի ինչ որ ամենեն ծույլ լեզուներն խոսելու հոժարամիտ կընե, և ձեռքին մեջ հրաշալի մետաղը դնելով խնդրեցի իրմե իմացնելու ինձ Տիգրանա վերադարձին ժամանակն, առարկելով թե ստիպողական գործ մի յուր ներկայությունն անհրաժեշտ կընե, և ամեն հապաղում՝ վնասակար։ Տիկի՛ն, պատասխանեց․ մեղմ ձայնիվ, Պ․ Տիգրան Անգղիա գնաց և հոն ամուսնանալով, հուսամ թե շաբաթե մ'ետքը կը վերադառնա յուր հարսին հետ։ Կարծես թե երկինքը յուր հրեղեն գունդերով գլխուս վրա ինկավ և ղիս անկենդան թողուց, այնչափ լսած խոսքերս էության զգացում են զրկեցին զիս։

Ինչ՞ եղար, տիկին, հարցուց դռնապանն այլայլությամբ։ Հաջողեցա ուշաբերելու և երկար ճամփորդությանս վերագրելու անհանգստությունս։ Վերջապես հարցուցի իրեն եթե կրնա՞ր ապահովել զիս տված չուրերուն ստուգության վրա։ Ի՜նչպես, տիկին․ պատասխանեց, Պ. Տիգրան բազում տարիներե ի վեր այս տանը մեջ կը բնակի․ յուր բարությամբը զիս պատված է միշտ․ և այս օրերս նամակ մ'ընդունեցա իրմե որով կը պատվիրեր ինձ ամենայն ինչ վայելուչ կերպիվ պատրաստել

75