աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,— մշուշ էր. անգո մի մշուշ— բաց տարածություն։ Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.— այն, որ կատարվում էր դուրսը—կատարվում էր իրենից դուրս. կատարվում էր— իրենից անկախ։ Սպասում էր՝ ի՞նչ կլինի։ Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա։ Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում— մշուշ էր. անգո մի մշուշ— բաց տարածություն...
Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը։ Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ։ Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարևան սենյակը։ Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզ և ո՛չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից։ Բայց և այնպես— «ընելիքդ ի՞նչ, Հաջի՛. ընկեր ես— պիտի քաշես»,— մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարևան սենյակը։ Մտան հարևան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկեր Վառոդյանը փակվեցին հարևան սենյակում։ Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին։ Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր— հարևան սենյակում։ Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարևան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի։ Գիտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարևան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար— ճակատագրական անցքեր։— Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն՝ նաիրյան տիեզերական հոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, և այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը։ Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող