կարող էր ասել միամիտ խոսակիցը, և եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը— օր. Սաթոն բաց կաներ նորից իր սուտերի տոպրակը և արագ-արագ, զանազան «լսել եմ»-ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին— կարծիքներ ու կասկածներ։ Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը։ Գիտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել և ո՞ւմ հետ ի՛նչ լեզվով պետք է խոսել։ Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր, իսկ որ օր. Սաթոն տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա։ Երևակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր. տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.— եկեք ու հավատացեք... Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից և պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, և մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը։
Բայց սուտը՝ սուտ, իսկ ռուսական առածն ասում է. «Չիք ծուխ առանց կրակի»։ Իհարկե, ռուսական այդ առածը ևս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա,— սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին։ Օրինակ, այդ առածից ելնելով, կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը»— հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետև վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն՝ օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը և ընկ. Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծիից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»։ Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն և կարդում էր սրան-նրան, այսինքն՝ նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ և դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի