Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքավարի խոսքերից եւ, թերեւս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները: Հիշում եմ այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով: Նամակի առաջին իսկ խոսքերից երեւում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները:— Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ հենց սկսվում էր գավառապետի նամակը. նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին. նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի՛ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից: Այո՛, ինչո՞ւ նապաստակներ, և ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին: Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացին մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում և մնացին այնտեղ—և, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ— ընդմիշտ ու հավիտյան:

Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի և նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը և, նորից տրտունջի դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին: Բայց այս չէ էականը և ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի և մանավանդ բժշկի—Սերգե Կասպարիչի մասին, այստե՛ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին և նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը և թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում— շնական շրթունքները: «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ,—