կենտրոնը քարե՛ է, գրանիտե՝ կառուցված դիտական սոցիալիզմի անհողդողդ հիմունքների վրա։ — Ուրեմն երկու անգամ երկու հավասար է չորսի պես պարզ պետք է լինի, որ ոչինչ է հինգհարկանի կենտրոնը, իսկ «Ասկերությունը» — փաստ, անողոք ճշմարտություն — մերկ ճշմարտություն։ Այսպես է տրամաբանում ընկ. Վառոդյանը, — և նա իրավունք ունի, հարցրեք ամեն մի երեխայի, այո, նույնիսկ երեխայի, և նա անվրեպ կերպով տեղն անգամ ցույց կտա այդ «Գերկենտրոնի», — այո.Վարդանի կամուրջը։ Այսինքն ոչ թե կամուրջը բառացի, այլ նրա դիմացը, գետափին շինված մի տնակ, որ կիսաքանդ է հիմա, ավերակ, և որի քանդվելու խորհրդավոր պատմության հետ է կապված ընկեր Վառոդյանի կռնակի պւոտմությունը...
Ահա այդ պատմությունը, սիրելի ընթերցող։
Մի օր, այսինքն մի գիշեր, ժամը մոտավորապես երեքին, քաղաքի բոլոր տների պատուհանների ապակիները հանկարծ զրնգում են թափով, և նույն վայրկյանին լսվում է մի ահռեցուցիչ, ահռելի մի պայթյուն։ Սարսափած քաղաքացիք դուրս են թափվում տներից և սկսում են դեպի դաշտը, դեպի գերեզմանոցը փախչել, կարծում են երկրաշարժ է, ժաժք՝ աստծու պատիժ։ Բայց այդ լուրը հերքվել է շուտով և տարածվել է մի ուրիշ սարսափելի կարծիք, որ պայթել է Բերդը ամբողջ Բերդը մի րոպեում թռել է երկինք։ Շատերն էլ այն կարծիքին են եղել, որ պայթել է Առաքելոց եկեղեցին. ամեն ոք գիտե, որ նրա վեմ-քարի ներքևում նաիրցի վարպետները պահած են եղել հազար փութ դինամիտ... Իսկ հայտնի պանդոկապետ Բոչկա Նիկոլայը, նա, որ հանրամատչելի դուխան է պահում Լորիս Մելիքյան փողոցի վրա, ասել է իր հարևան Մեռելի Ենոքին, որ, երևի, պատերազմ է սկսվել, բայց իրենք չգիտեն, հասարակ մարդիկ են — ի՞նչ իմանան։ Բայց շուտով պարզվել է, որ ո՛չ Բերդն է պայթել, ո՛չ Առաքելոց եկեղեցին, և ո՛չ էլ պատերազմ է սկսվել։ — Երանի այդ լիներ, — ինքն իրեն տղայաբար հերքելով ասում է մինչև օրս ընկ. Վառոդյանը, — բայց, մեր կարծիքով, բարեբախտաբար այդ չի եղել, այլ պայթել է, երևակայո՞ւմ եք... Վարդանի կամուրջը, այսինքն ոչ թե ինքը կամուրջը, այլ նրա դիմաց գտնվող այն հողե խրճիթը, որի մասին քիչ վերը խորհրդավոր կերպով հիշատակեցինք։ — Խրճիթում պայթել է երեք փութ... դինամիտ... ահա՛ թե ինչ... Եվ հետևյալ օրն այդ խրճիթի տակից զինվորներն ու ոստիկանները