Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աննշան, մի որջ է, մի ողորմելի անկյուն, ուր մկները միայն կարող են հավաքվել, եթե միայն նրանք, այսինքն մկները, ընդհանրապես կարող են հետաքրքրվել չոր սուրճով, — այնինչ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, թեկուզ և «ճաշարան» բառը զուր տեղն է տեղ գրավել նրա ցուցանակի վրա, քանի որ այդտեղ ոչինչ էլ չի տրվում, բացի սուրճից ու թեյից, — բայց, չնայած դրան, այդ սրճարանը նույնն է քաղաքի ցածր խավերի համար, ինչ որ է վերին խավերի համար Մազութի Համոյի գրասենյակը. — քաղաքական ակումբ է, կատարյալ ակումբ։

Հաջորդ խանութը... Այդտեղ Հաջի էֆենդի Մանուկոֆը Մյուֆակտոսա է ծախում, այսինքն՝ Սամարղանդի փուշիներ, զանազան կերպասեղեն (չիթ, յազմա, չլվարի), «բրոցկի» շաքար, «լապշինի» լուցկի։ Միևնույն ժամանակ սարաֆության էլ է անում, անգլերեն գիտե, և որպես միակը քաղաքում՝ վայելում է քաղաքացիների առանձին հարգանքը։ Կատաղի հայասեր է Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, ինչպես իրեն սիրում է հորջորջել հենց ինքը այդ հայտնի հայասերը։

Խանութները շատ են, բոլորը հո չի՞ կարելի թվել. մենք պատահմամբ մի քանիսի մասին միայն երկու խոսք ասացինք։ Մնացածների մասին թող նրանց ցուցանակներն ասեն ճիշտ այն հերթով, ինչ հերթով որ շարված են նրանք Լորիս Մելիքյան փողոցի մի ծայրից մյուս ծայրը՝ մինչև կայարան։

«Մանրուքի խանութ. Պողոս Կոլոպոտյան» — «Գինի, արաղ, կոնյակ. Համբարձումով Նիկոլայ» (սա իր բավականին ընդարձակ փորի պատճառով քաղաքում կոչվում է Բոչկա Նիկոլայ) — «Դագաղագործ, ընդունում եմ պատվերներ. Ենոք Կարապետյան» (սա հենց ինքն է՝ Մեռելի Ենոքը) — «Ճաշարան «Եվրոպա». Եգոռ Արզումանով» — և էլի մանրավաճառ, կոշկակար, մանրավաճառ, վարսավիր, մանրավաճառ, մանրավաճառ և հանկարծ — «Դեղատուն Ժգենտի» — ու էլի՝ մանրավաճառ, ու էլի՝ մանրմունր խանութներ — մինչև կայարան։

Կանուխ, մութլուսուն, բացվում են խանութներն իրար ետևից — ու ծույլ, դանդաղ, միապաղաղ սկսվում է քաղաքի գործնական եռուզեռը գործնական առօրյան։

Սովորաբար առավոտվա այդ վաղ պահերին մայթերը բավականին