Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օր. Նվարդի տափակ հանաքները օր. Վարդուհու ականջներն ու հոգին տանջում են, բռնաբարում են համարյա, ոչ խոսքն է օգնում, ոչ վրդովմունքը։ Պ. Մարուքեն թերթ է կարդում և քթի տակ ծիծաղում է օր. Վարդուհու վրա, իսկ երբ լսում է պ. Աշոտի դողդոջուն ձայնը, որով նա խնդրում է օր. Նվարդին մի բաժակ թեյ ևս լցնել — աչքերը բարձրացնում է թերթից և պաղ նայում է պաշտոնակցի դեմքին։ Իսկ պ. Բյուզանդ Վարդերեսյանը համարյա ամեն օր մեծ դասամիջոցին հաճույքով վիճում է օր. Վարդուհի Զատիկյանի հետ բարոյախոսության մասին և գոհ է թե իր հայացքներից, թե իր խռպոտ ձայնից և թե, մանավանդ, օր. Վարդուհուց, որ միշտ համաձայնվում է նրա հետ և միշտ ասում է, հայացքը օր. Նվարդին դարձնելով, «ճի՛շտ է, պ. Բյուզանդ. մարդիկ, մանավանդ կանայք, պետք է առաքինի լինեն։ Ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, պ. Բյուզանդ»։ Եվ պ. Բյուզանդը, գոհ, ժպտադեմ՝ սրբում է իր նաիրյան մեծ քիթը կարմիր թաշկինակով։

Տալիս է զանգը, և ուսուցիչ-ուսուցչուհիները, դանդաղ, տեղերից հազիվ բարձրանալով, նորից գնում են դասարանները՝ պարապմունքները շարունակելու։

Երբ օր. Նվարդը մտնում է դասարան, աշակերտներից ամենաչարը և ամենահերոսը, որ ընկերների կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդ — զիլ, դեղնած աչքերով Միսակ Հովհաննիսյանը, կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Շլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա, դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց։ «Էլի դու սեղանի վրա ես բարձրացել — սուր, խզվող ձայնով ճչում է օր. Նվարդը և վրա է վազում Շլդոյին բռնելու։ Շլդոն սեղանից սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը և մտնում է գրասեղանի տակ։ — «Ներողություն, օրիորդ, ներողություն» — ճչում է այնտեղից Շլդոն։ Երեխաներն ավելի են հռհռում, աղմուկը դառնում է անտանելի։ «Հանգի՛ստ» — ձեռքն աթոռին և ոտքը հատակին խփելով ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով, դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն։ Օր. Նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին և վերցնում է քանոնը։ — «Դո՛ւրս արի գրասեղանի տակից» — քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր և արագ մոտենալով Շլդոյի գրասեղանին — ասում է օրիորդը։ Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլևս