դուրս արի»։ Եվ ահա Շլդոն ևս, գլուխը հոռետեսորեն քորելով, գալիս կանգնում է գրատախտակի մոտ։ Դասարանը սարսափ կտրած, չռած աչքերով սպասում է դրության վախճանին։
«Սա՞ էր» — ցույց տալով Շլդոյին՝ հարցնում է պ. Բյուզանդը։ Օրիորդը, հուզված, գլխով է անում, չի կարողանում խոսել։ «Ա՛րջ» — վրա պրծնելով բղավում է պ. Բյուզանդը.« — ես քեզ ցույց կտամ, աչքերդ կհանեմ»։ Ու փայտե քանոնի ազդեցիկ հարվածներ իջեցնելով Շլդոյի գլխին՝ արագ շարում է իրար հետևից գունեղ ածականներ. «Շա՛շ, հիմա՛ր, իշո՛ւկ, փողոցի՛ թափթփուկ, լի՛րբ, — ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ. էլի ու էլի. մի զարկը — մի ածական։ Հետո հերթը հասնում է չիլ Մուկուչին. նա էլ, իր հերթին զանազան գեղարվեստական ածականներ ստանալով և գլխի վրա նրանց քանակը հաշվելով սկսում է լաց լինել բարձրաձայն, այնպիսի ահռելի մի լացով, որ ձայնը հասնում է մինչև մոտակա փողոցը։ « — Ես դուրս կանեմ սրանց, օր. Նվարդ» — ասում է պ. Բյուզանդը պարտականության առաջին մասը վերջացնելով. — «ներողություն եմ խնդրում, որ մինչև հիմա մնացել են դպրոցում»։ « — Թող էլի մնան, պ. Բյուզանդ» — ողբերգական ձայնով ու պսպղուն, գոհ աչքերը տեսչի դեմքին հառած — խնդրում է օր. Նվարդը. « — Ինչպե՞ս կարելի է դուրս անել երեխաներին, դա հակամանկավարժական է և անվայել քաղաքակիրթ ուսուցչին» — մտքում մտածում է նա, բայց վախենում է իր այդ միտքը բարձրաձայն արտահայտել պ. Բյուզանդին։ Բայց անընկճելի պ. Բյուզանդը, հրամայելով պատմված աշակերտներին իսկույն տուն գնալ և ծնողներին կանչել, — առանց պատասխանելու ելնում է դուրս։ Աշակերտները ոտքի են կանգնում և մնում են կանգնած, մինչև օր. Նվարդը դրամատիկական ձայնով ասում է. — «նստեցե՛ք»։ — «Բաց արեք գրքերդ» — ասում է մի վայրկյան հետո, ճակատը շփելով օր. Նվարդը։ « — Մարտիրոսյան, կարդա» — ասում է նա։ Եվ դասն սկսվում է նաիրյան դպրոցում՝ տխուր, անհետաքրքիր, իսկ օր. Նվարդի գլուխն սկսում է նվալ, և մտքերը նրա փոքրիկ գլխում սկսում են պաղ, միապաղաղ հորանջել։
Արևը զենիթից սկսում է իջնել, ժամը մոտենում է երեքին, իսկ ղահվեճի Սեթոն դեռ ոչ մի մսխալ սուրճ չի կարողացել ծախել։ «Թարս օր է, գիշերը թարս եմ քնացեր» — մտածում է նա խանութի առաջը նստած և ծխախոտ է ոլորում, որ քունը չտանի։ Օրորվելով, ուսը տարօրինակ ցնցելով մոտենում է նրան Աբոմարշը, որ ձանձրությունից