Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,− ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:
Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ − ծանրանում է սրտիս, անողոք − ուտում է սիրտս:
Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո − օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,− ասում է նա:− Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում− կորչում է օրերում:
Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ:− Այսքան կամ այսքան:− Ու մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երևակայո՞ւմ եք,− հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից − աչքերի մշուշից − սահում է, ինձ է նայում − նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչում:− Մոռացե՞լ ես,− հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս− վերադառնում եմ տուն: