չկար։ Օսեփ Նարիմանովը շվարեց։ Գլխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ։ Նախ, դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, Գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել և շարունակել ընդհատված «մակաոն»։ Երկրորդ՝ վերջերս Գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա Վասիլևնային— Շիկահեր Դդումին, իսկ Օլգա Վասիլևնան ի՛րն է, ի՛րը Օսեփ Նարիմանովինը և միևնույն ժամանակ ուրիշ ո՛չ ոքինը չի կարող լինել։ Գեներալ Ալոշը թող այս լավ իմանա, Գեներալ Ալոշը... Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորը — ներս մտավ հևիհև և նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործի — բռնեց, ետևից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թևից և առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս»։ — «Խորի՛ն հարգանքներս» — բացականչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած «Ինչպե՞ս է Օլգա Վասիլևնայի արտադրությունը, Արամ Անտոնիչ»։ Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի տեսել Օլգա Վասիլևնային. իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում) — աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլևնան հրամայել է ոչ ոքի չընդունել։ Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ... — «Օլգա Վասիլևնայից ջերմագին բարևներ» — ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր ժպտալով և ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին՝ ինտիմ շշնջաց. — «Մամաշան» — քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան — «երեկ երդվեց, որ այս անգամ անպայման — անպայմա՛ն տղա կլինի...»։ Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավ։ — Զուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլևնայի հետ, — մտածեց նա զվարթացած և հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքը.«Պատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու, հասկանո՞ւմ եք, Արամ Անտոնի՛չ,— անպայման «Կոլեչկի»… Եվ բոլորովին հանգստացած՝ նստեցին խաղի։ — «Իսկ ո՞ւր է Ալյոշա Նիկիտիչը»–հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը մի վայրկյան անց։ Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես
Էջ:Երկիր Նաիրի.djvu/57
Արտաքին տեսք