Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը - նաիրյանը - սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային… Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին - չկա… Գուցե - հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ:- Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…»:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու… այո, դու— գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի:
Իսկ եթե, բան է, չգտար— ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը… Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն— կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ— ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի»— այլ միայն— մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը— և ուրիշ ոչինչ…
Ուրիշ ոչինչ:
. . . . . . . . . . . . . . .
Մնացածը —վեպում:
Մոսկվա. 1921. հոկտեմբեր