ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն և ասաց, մոտավորապես, հետևյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,— հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը։ Պետք է գիտենանք օգտվել առիթից—շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն։ Հարկավոր է գործով, այո՛, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը։ Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու —թող գրվի՛ նա կամավոր, —այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո՛, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,—կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում —վերածնվող Նաիրին...»։
Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն և հանդիսականների կողմից, ինչպես կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց։ Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նաիրյան հիմնը. դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»։
Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը։ Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը։ Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան —Խաչագողը։ Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»։ Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, և արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներևակայելի մի թյուրիմացություն։ «Կարելի՞ է մի խոսք»,— հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից.