Էջ:Երկիր հիշատակաց.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը վրա դնել՝ մե՜րկ, մե՜րկ։ Ու կրնաս գրկել զայն արբշիռ թևերուդ մեջ։ Մերկ և աղվոր աղջիկ մը։

Հետո։ (Ինչպե՞ս պատմել)։ Այնտե՜ղ գյուղաքաղաքին պես չէ։ Համբույրը անգամ տարբեր է։ Կրքոտ, վայրենի։ Հոս կհամբուրեն աղջիկը՝ գողտուկ, ծառի մը տակ կամ պատի մը անկյունը, այտին վրա։ Հազիվ շրթունքդ կհպի իր թավիշե մորթին։ Կփախի բազուկներուդ մեջեն։ Հոն՝ կսեղմես իր մերկ մարմինը կուրծքիդ ու բերնի վրա կհամբուրես զայն, ամբողջ ծարավովդ, երիտասարդ մարմինիդ բովանդակ կրքովդ, դողդոջուն, ու բերանը բերնիդ տակ, կըսեն, կվառի։ Ա՜հ, շատ հեթանոս է այդ համբույրը։ Անոնք, որ գյուղաքաղաքին մեջ կճանչնան զայն՝ կխոսին հուզումով ու ամնչալով։ Գյուղաքաղաքը իրավունք ունի զայն ուրանալու։

Կապույտ հորիզոնեն՝ ահա՛ հետզհետե կետը կմեծնա։ Ձև կստանա։ Նախ կայմը։ Հետո ցռուկը։ Հետո մարմինը։ Կուգա հաղթական՝ հյուրի մը պես որուն կսպասեն։ Ամեն շաբաթ երեկո և կիրակի առավոտ, որոշյալ ժամուն կհասնի նավամատույց հանգստորեն ու կարծես չի զիջիր մոտենալ այս աղքատ գյուղաքաղաքին։ Խարիսխ կնետե քիչ մը բացը։ Ի՜նչ պիտի ըլլա, քաղքենի է։ Քաղաքի մեծ նա՜վը։

Կնայիս ինծի խոշոր աչքերով։ Անպայման կմտածես մեծ քաղաքի մասին։ Մեծնա՛մ, քույրի՛կ, քեզ կտանիմ քաղաքտ։ Վստահե՛։ Կխիզախենք միասին խարդախ ու ցանկահարույց փողոցներեն։ Կնայինք աղջիկներուն ու տղոցը։ Կսորվինք մենք ալ սիրել։ Հեռվեն։ Առանց փորձելու։ Կըսես, վարանոտ, աչքերդ գետին։

― Իրա՞վ է, որ հոն արգիլված չէ սիրելը ու սիրած տղուն հետ մինակ թափառիլը, ըսե՛․․․

― Հապա՛, հապա՛,― կըսեմ զվարթ,― երբ աղջիկ մը կսիրես, կմոտենաս ու դարպաս կընես, կխոսիս ու կըսես, որ կսիրես զայն։ Ամբողջ սրտովդ, հստակորեն։ Ուրիշները լսեն ալ ամոթ չէ։ Օրինակ, աղվոր մանչը դպրոցեն դարձին կսպասե ճամփուդ վրա ու ծառի մը տակ, կըսե քեզի ականջդ ի վար՝ կսիրեմ քեզ։ Կըսես― շա՞տ։― Այո,― կըսե,― շա՜տ, շա՜տ, քույրի՛կ, աղվոր մանչը կըսե, որ քեզ կսիրե շատ․․․

Կշառագունիս։ Բերանս կփակես ձեռքովդ։ Կըսես․