տեսակ մը մութին մեջ կորսված ընդարձակ ու զգայուն քաղաք, ուր կարելի է գտնել, փողոցե փողոց, քու բոլո՛ր երազներդ, ցնորքներդ, ուրախություններդ։ Որքա՜ն կսխալիս։ Ամենե՛ն գեղեցիկն իսկ աղջիկ մըն է վերջապես, նեղ ու փակված հորիզոն մը, դաշտանկարի մը փոքրիկ եզերքը, պատառ մը երկնքի կապույտ, ծաղկի տժգույն թերթ մը, կտոր մը հուզիչ ու աղվոր երգ, բառ մը սիրո, աղջիկ մը. ու նայվածքդ անպայման շուտով կհոգնի, նո՛ւյն ձայնը վերջ ի վերջո կթվի միօրինակ, հասարակ ու առանց բանաստեղծության ։ Ո՞վ է որ ձառերով եզերված ճամփու մը վրա, կանգ կառնե առաջին արտին եզերքը։ Երթա՜լ, երթա՜լ, միշտ նոր հուզումներու, միշտ նոր գեղեցկությանց, երթա՜լ առանց հանգրվանի, այս է ձեր ճակատագիրը, քեզի պես վայրենի ու խենթ տղոց անդառնալի ճակատագիրը։ Այս է դժվարին ճամփադ, պզտի՛կ Վահագն։
Ա՜հ, ինչպե՜ս կուզէի հոս ըլլայիր մո՜տս, պզտիկ ու անհնազանդ տղու մը պես քեզ նստեցնեի՜ քովս ու պզտիկ ու խաղաղ բառերով բացատրեի քեզի քու բոլո՛ր վայրենի կարոտներուդ մեծ վտանգը։ Ուժեղ ու շատ արձակ է թռիչքդ, կրնաս իյնալ ու կողերդ ջախջախել սալահատակին վրա։ Որովհետև վերջապես, պզտիկ ու վաղանցուկ տղա մըն ես ու չես կրնար կոխկրտել մայր ու սրբազան հողը բարձրանալու համար երազիդ մարմար սանդուխներնի վեր։ Անտեսանելի ու զորավոր կապերով պարտավոր ես մնալ հոս, այս աղքատ կամ հարուստ հողին վրա ու մեռնիլ հոս, խառնվելու համար ծառերուն ու ծաղիկներուն։ Պզտիկ ու տրտում երգերն են, որ պիտի մխիթարեն քեզ ու աղջիկները, որ պիտի հագեցնեն սիրո ծարավդ։
Գիտե՞ս, չեմ խաբվիր քու բարբարոս և պայծառ բառերեդ, որոնցմով կոգեկոչեիր սիրո հեթանոս ու վաղնջական ժամանակները։ Մարմինդ շատ տկար է հեշտության մեծ երազներու և սիրո մեծապայծառ խնջույքներու ցնորքներուն առջև որ֊ պեսզի կարենաս ցրտությամբ անցնիլ աղջիկներուն առջևեն։ Այդ տխուր ու մութ փողոցներուն մեջ, ուր տրտում աղջիկներ իրենց մարմիններուն տուրքովը կապրին, կվախնամ տեսնել քու երկար ստվերդ, գիշերվա մութ հատակին վրա։ Չեմ ուզեր,
78