Էջ:Ընկեր Փանջունի.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԸՆԿ. Բ. ՓԱՆՋՈԻՆԻՆ»

Քաղաքական իմաստակության և դեմագոգիայի դեմ հայոց լեզվով ոչինչ չի գրվել ավելի զորեղ, քան Երվանդ Օտյանի «Ընկ. Բ. Փանջունի» եռագրությունը։

Երբ Օտյանը 1909-ին գրեց, «Բյուզանդիոն» թերթում հրապարակեց և 1911-ին առանձին գրքույկով լույս ընծայեց «Առաքելություն մը ի Ծապլվարը», նրա մտքով չէր անցնում, թե գրվածքը կշարունակվի։ Բայց դա այնպիսի մեծ հաջողություն էր գտել ընթերցողների մեջ, որ Փանջունին դարձել էր հասարակ անուն՝ իբրև ձախավեր ազգային գործիչների խորհրդանիշ, իսկ նրանց հանդեպ հեգնական վերաբերմունքի հասարակական պահանջն այնքան մեծ էր, որ Օտյանը վերստին կենդանություն տվեց իր տխրահռչակ հերոսին՝ նրան հանդես բերելով նաև Վասպուրականում («Ընկ. Բ. Փանջունի. ի Վասպուրական», 1914), ապա և մեծ եղեռնից հետո՝ տարագրության մեջ («Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ», 1923)։ Իհարկե, եռագրության երկրորդ և երրորդ մասերը չունեն առաջինի գեղարվեստական արժեքը, բայց դրանք ևս ունեն իրենց կարևորությունը, քանի որ պայմաններն ու հանգամանքները փոխվում էին, մինչդեռ քաղաքական շառլատանները մնում էին նույնը՝ իրենց անմիտ ու վնասաբեր գործունեությամբ։

Հայ գրականության մեջ ոչ մի գրող այնքան հետևողական չի քննադատել, ծաղրի ու հեգնանքի առարկա չի դարձրել կուսակցական գործիչներին, որքան Երվանդ Օտյանը։ Ալ. Շիրվանզադեն ճիշտ է նկատել՝ «ծիծաղի ձամար ծնված մեծագույն հայ երգիծաբանը», որ չի պատկանել որևէ կուսակցության, «առանձնապես անգութ էր հայ կուսակցությունների վերաբերմամբ»։ Բնավորությամբ անհունորեն բարի ու հեզաբարո մարդ, նա եղել է անողոք ու անզիջում, երբ գրիչ է վերցրել տնաբույս քաղաքական