Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք չկա ըսելու որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին։ Տասնըհինգ օր է որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտցնել քափիթալիզմի գործած ոճիրները, բանվորական սենտիքաներու հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջքները ևն...։ Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոականտը առաջ տանելու: Ինչ որ իմ պաշտոնս կը դժվարացնե, այն է թե Ծապլվարի մեջ գոյություն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավագույն է ըսել թե՝ այդ բաժանումներու գիտակցությունը չունին։ Իմ գործս պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումները. և զանոնք ձեռք բերելու միջոցները։ Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և այդ հեշտ գործ չէ։ Երկու շաբաթե ի վեր անընդհատ շփման մեջ եմ գյուղի բոլոր բնակիչներուն հետ և կը ջանամ որոշել, և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շարքերը։

Գյուղն ունի մի ծերուկ քահանա` Տեր Սահակ. այդ կը ներկայացնե միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսքուրանթիզ- մը8։ Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դեմ։ Ծապլվարի պուրժուազիան կը ներկայացնեն Րես Սերգոն և իր մեկ քանի արբանյակները։ Այդ կեղտոտ պուրժուան ունի երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունք՝ խեղճ անինչք գյուղացիներու վրա ի գործ դրված դարավոր կեղեքումներու։ Զարմանալի է որ այդ մարդը գյուղին մեջ բարի համբավ կը վայելե և կը հարգվի ամենեն, նույնիսկ անոնց կողմե որոնք պետք էր որ իր բնական թշնամիները ըլլային։ Տեսե՜ք թե ո՜ր աստիճան տգիտության մեջ թաղված են այդ խեղճերը։ Հա՞րկ է ըսել որ Տ. Սահակ շաբաթը մեկ քանի անգամ կը ճաշե Րես Սերգոյի տունը։ — Հավիտենական զինակցությունը քափիթալիզմի և կղերականու- թյան՝ ընդդեմ ընչազուրկ դասակարգին։— Բայց համբերություն, ամեն բան իր տեղը կու գա։

3—Օտյան

33