Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ.

ԾԱՊԼՎԱՐ, 20 հոկտեմբեր, 1908

Սիրելի ընկերներ, Ինչպես կը կասկածեի և ինչպես նախորդ նամակիս մեջ զգացուցած էի մի քիչ, Րես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք։ Գիտեք որ Վարդան իբրև մշակ կը ծառայեր Րես Սերգոյի մոտ, և այս վերջինը զինք արտաքսած էր իբրև ծույլ և անբարո, և թե ես անմիջապես միջամտած էի, պաշտպանելու համար ընչազուրկ պրոլետարիատի իրավունքները։ Տեր Սահակ, իբրև միջնորդ, Րես Սերգոյի կողմե ներկայացավ ինծի և հայտնեց թե Րես Սերգո թեև դժգոհ իր մշակեն, սակայն՝ մեղքնալով անոր խեղճ վիճակին՝ պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանավ որ ես երաշխավորեի անոր պարկեշտության և աշխատասիրության մասին։ Իսկույն տեսա որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն և գյուղային պուրժուազիան արդեն իսկ սկսած էին տեղի տալ