Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ. Րես Սերգո այս միջադեպին կարգադրման համար հեղափոխական կուսակցության իրեն մատուցած ծառայությանց իբրև փոխարեն, դրամական կարևոր նվեր մը պետք է ընե կուսակցությանս Ծապլվարի գանձին։ Ինչպես կը տեսնեք, հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ նշանակալից կերպով գլուխը օրորելով։ Անցան մի քանի օրեր և ես ոևէ պատասխան չստացա։ Վարդան սկսավ անհամբերության նշաններ ցույց տալ: — Քանի որ Րես Սերգո ներեր է ինձ՝ երթամ գործիս սկսիմ,— կը կրկներ այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ ընել միլիոնավոր պրոլետարներու իրավունքը, իր անձնական շահին ձամար։ Վերջապես առջի երեկո, տեսնելով որ պատասխանը կ`ուշանա, մեր կողմե, իբրև լիազոր ներկայացուցիչ, կը ղրկեմ Խև Ավոն Րես Սերգոյի մոտ, ստանալու համար վճռական պատասխան։ Կ՛երևա թե մեր ընկեր Ավոն, որ հեղափոխականի լավ խմոր ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածե և զինքը ծեծելով դուրս կը վանեն Սերգոյի բնակարանեն. քիչ հետո կու գա նաև ինձ մոտ Տեր Սահակ և կը հայտնե թե Րես Սերգո այլևս չ՛ուզեր նույնիսկ Վարդանի անունը լսել։ Դու պարզապես պատերազմի հայտարարություն էր։ Կապիտալիզմի և obscurantismi–ի միացյալ ուժերն Էին որ կը կանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերուն վրա։ Կարելի չէր լռել այդ ակնհայտնի պրովոկացիայի հանդեպ և չգործել: Նույն գիշերն իսկ պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, զոր այս առտու արշալույսին, Խև Ավո տարավ փակցուց եկեղեցիի պատին վրա: