Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թուղթը պատռեր են եկեղեցիի պատին վրայեն...

Չէի կարող հավատալ ականջներուս. Ավոյի հետ անմիջապես վազեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը։ Այո՜, ճշմարիտ էր. հրավեր-հայտարարությունը պատառ բզիկ եղած էր, հազիվ մեկ քանի կտորներ մնացած էին, զորոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել, լավ փակած ըլլալուն համար, որովհետև խև Ավո ջուրն ու ալյուրը չէր խնայած հայտարարությունը փակցնելու համար։ Ովքե՞ր գործեր էին այդ սրբապղծությունը։ Գյուղացիները բոլորն ալ դաշտն էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չկար, ուրեմն դավադրությունը սարքված էր շա՜տ խորհրդավոր կերպով։ Համենայն դեպս սա որոշ էր թե ռեաքցիան զինաթափ չէր ըլլար։ Ընդ հակառակն իր այս նոր ցույցով բրովոքացիան կատաղորեն առաջ կը մղեր։ Պետք չէր ընկրկիլ. որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել։ Վերադարձա տուն, խև Ավոյի ձեռքը տվի մի երկար ձող, որուն ծայրը կապված էր մի կարմիր կտավ։ Սմենց Վարդան շալակեց իր մշակի գործիքները, ես ալ անցա իրենց գլուխը և այսպես ամբոխը ժուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները։ Երբ հասանք Տեր Սահակի տան առջև, հանկարծ սկսա երգել.

Debout, les damnes de la terrel
Debout,les forcats de faim!12"

Կարծեմ առաջին անգամն էր որ հեղափոխական-ընկերավարական երգը՝ «էնթերնասիոնալը» կը հնչեր Ծապլվարի մեջ։ Տունը մնացած երախաները, լսելով բանվորային մարտագոչ երգը, վազելով եկան միացան մեզի և ամբոխը առավ պատկառելի երևույթ։ Ցուցարարները երբ հասան Րես Սերգոյի տան առջև, ոգևորությունը ծայր աստիճանի հասած Էր։ — Տղե՜րք,— գոչեցի,— վար տվե`ք այդ դավաճանի տան ապակիները։