Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ափսո՜ս, Րես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, Եթե ոչ՝ այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ տպավորություն առաջ պիտի բերեր ապահովաբար։ Խև Ավո որ հետզհետե խանդավառված էր, վրեժը լուծեց՝ քարկոծելով Րես Սերգոյի էշը որ դաշտին մեջ կ՛արածեր, նույնիսկ դանակը քաշելով՝ ուզեց վրան հարձակիլ, բայց ես արգիլեցի իսկույն, չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղության։ Ի վերջո բազմությունը ցրվեցավ գոհ տրամադրության տակ։ Ինչպես կը տեսնեք, դրությունը խիստ լարված է Ծապլվարի մեջ։ Տեսնենք ի՜նչ հետևանք կ՛ունենա գործը։ Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով։ Մի քիչ փող ուղարկեցե՜ք փութով։

Յ. Գ.— Վերջին րոպեին, երբ նամակս կը փակեի, իմացա թե հրավեր-հայտարարությունը ո՜չ թե ոեաքցիայի մութ ուժերուն կողմե պատռված է, այլ մի ջատուկ պառավի՝ Մարոյի այծը զայն պատռեր ու կերեր է, թուղթին ետև քսված ջրախառն ալյուրեն հրապուրված։