Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսնելով շան կարեկից լռությունը ծերունին ոգևորվում է ավելի և շարունակում է իր զրույցը։

Մինչ այդ մութն ավելի ու ավելի թանձրանում է անտառում և նրանք երկա՜ր-երկա՜ր մնում են միևնույն տեղը նստած․․․» (Սպիտակ տան բնակիչները)։

Ահա և անտարբեր բնությունը, որ տիրապես համակերպում է ամենքին, և միօրինակ, տևուն կյանքը իր ծոցում։ Զառամ Եփրեմ պապը, թոռան ձեռը բռնած՝ դուրս է եկել տանից գարնան մի լավ օր։

«Նրա ականջին էր հասնում եկեղեցու տոնական զանգահարությունը, որ կարծես թրթռում խաղում էր օդի մեջ և շունչը կտրած ընկնում գետին։

Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած-մեռած հիշողություններ և նա իրան տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար․․․ Հետո նա տեսնում էր իրան ջահել ու առողջ, որ, նույնպես ջահել մի աղջկա հետ, թև-թևի տված պսակի է գնում ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով․․․ Վերջապես նա տեսնում է իրան հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռին խոտ է հնձում դաշտի մեջ․․․ Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից, խոտը լաս լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը․․․»։

Սա կյանքն է, որ գնում է իր ճամփով․ ահա և բնությունը։ Եփրեմ պապը դաշտ է դուրս գալիս ու մոտենում անտառին։ «Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ինչ լավ է խշշում անտառը, մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր, այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր։ Այդ խշշոցը նույնն է, առաջվանը, նույնը կլինի և միշտ․․․

Նա շարունակում էր ականջ դնել։

Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը․․․ Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՞ անգամ էր հաց կերել նրա մոտ։ Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը,– այդ արտույտներն էին երգում,– և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցի հետ»։

Այս արթնացող բնության միջին Եփրեմ պապը բերանքսիվար ընկնում