Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզում է նրա շփոթ գիտակցությունը, տալիս է նրա ձեռքը գնահատության մի չափ և վերլուծության ու մեկնության մի գործիք և Տոլստոյը զինված իր նոր հավատով մարգարեի համարձակությամբ խորանում է կյանքի բոլոր մոլոր կողմերը, կեղծ արտահայտությունները և դարավոր ու ավանդական հիմնարկությունները։

Մեր խոսքն այստեղ նրա վարպետության կամ գործունեության արժեքին չի վերաբերում. մեր խոսքը մարդու տիպի մասին է։

Մենք նկատում ենք մի մարդ, որ իր ծաղիկ օրերից մինչև ալևոր հասակը աշխատել է իր կյանքը ապրել օգտակարապես, լրջորեն նայելով նրան։

Մենք տեսնում ենք մի մարդ, որ շարունակ ցավով և տագնապով որոնում է ճշմարտությունը և կյանքի իմաստը, վերջապես մենք տեսնում ենք մի մարդ, որ ամեն ինչ՝ և հռչակ, և ընտանիք և հանգիստ, և կյանք ստորագրում է այն բանին, ինչն որ համարում Է ճշմարտություն։

Այստեղ է Տոլստոյի մեծագույն նշանակությունը, նրա կրթիչ ազդեցությունը։ Ուրիշի ոգեկան թովանդակությունը, հարկավ, մերը լինել չի կարող, ուրիշի տառապանքն ու տագնապը մենք կարող ենք համազգալ, բայց նրանք նույնպես մերը չեն. մերը չէ նաև այն արդյունքը, որ ուրիշներն ստացել են ներքին մաքառումով և անդուլ որոնումներով։ Այլ բան է գիտենալ մեկի համոզումները, այլ բան է նրան նման լինել։

Տոլստոյը փափագ ուներ ճշմարտության. որոնեց, տառապեց և գտավ. նա գոհ է ու հաստատուն այս կյանքի մեջ։ Նրա հավատը, նրա ճշմարտությունը պարտավորիչ չէ ոչ ոքի համար. ճշմարտության որոնումն է պարտավորիչ։ Մեզ կարող են չգոհացնել նրա տված պատասխանները այս կամ այն հարցին, բայց անհրաժեշտ է այրող հարցերին պատասխան գտնել, եթե մեր կարճօրյա կյանքին այս աշխարհում նայում ենք լրջությամբ։

Մենք խոսում ենք ոչ թե աշակերտելու, այլ ստեղծելու մասին։ Տոլստոյի օրինակը կարող է լինել քաջալեր ոչ միայն մեր սերունդի, այլև բոլոր սերունդների համար։ Պետք է լինել նրա պես ճշմարտության ծարավի, կյանքի իմաստը որոնող և մեզ համար ամենաթանկ բանն այս աշխարհում ճշմարտության համար զոհաբերող։

Ահա թե ինչ է ներշնչում մեզ ութսունամյա ծերունին հոբելյանական այս ժխորի մեջ։

Զանգակ, 1908, № 46