Բայց 460-ին ուխտապահ նախարարները աքսորեն կվերադառնան իրենց տուները։ 461-ին կաթողիկոս կընտրվի Գյուտը, որ Տայոց անառիկ աշխարհեն էր, Հայաստանի հունամերձ սահմանեն և ուներ հունական կրթություն։ 478-ին անոր կհաջորդե Հովհան Մանդակունի մինչև 490։ Պետք է կարծել, թե ան ալ հունական կրթություն ունի, եթե հաստատված համարենք, թե ինքն է մեր Պատարագամատույցին թարգմանիչը։ Գյուտ կաթողիկոս խուլ պայքար կսկսի ուրացող և վարիչ նախարարներու դեմ և պաշտոնանկ կըլլա անոնց ամբաստանության հետևանքով։ Իր հաջորդը, Մանդակունին, կշարունակե նույն ընթացքը և ավելի մեծ չափով, քանի որ զայն կտեսնենք Վահանի ապստամբության մասնակից քաջալեր։ Ինքն է մեր Ծիսարանի (Մաշտոցի) գլխավոր կազմիչը, այսինքն ուրացության շրջանին մեր քայքայված եկեղեցական կյանքի վերակազմիչը։ Ու թեև ուրացողներ այնքան զորավոր են, որ մինչև իսկ Վահան Մամիկոնյան ստիպված է իր հավատքը ուրանալ անոնց դավերուն զոհ չերթալու համար, բայց հավատարիմ տարրերու վերախմբումը արդեն զորավոր ազդակ է հանրային կյանքի մեջ, և արդեն ապստամբության կերպարանք ստացած։
Վերելքի այս շրջանին է, որ ապրած ու գործած է Ղազար Փարպեցին։
Ոչ մեկ հին հեղինակի անձի և գործի մասին այնքան շատ տեղեկություն կա, որքան իր մասին, այդ տեղեկությանց աղբյուրն է իր պատմության հառաջաբանը և իր գրած թուղթը Վահան Մամիկոնյանին։ Ավանդությունը ուրիշ գրական վաստակ չի վերագրեր անոր, իսկ վերագրած հասած է մեր ձեռքը, թեև մեկ օրինակ միայն, ուշ գրությամբ (1672) և պակասավոր։ Գրիչը կըսե, թե օրինակը քայքայված էր. կխնդրե լրիվ օրինակ գտնողներեն լրացնել թերին, բայց այնուհետեւ ոչ մեկ նոր օրինակ գտնված է։ Վնասված է պատմության հառաջաբանը և Վահանին գրած թուղթը։ Այս թուղթը Ղազար գրած է Ամիդ քաղաքեն, որ հունապատկան էր այն ժամանակ և ուր ապաստանած էր Ղազար, խուսափելով հալածանքներե։ Լսելով, որ զինք կմեղադրեն Վահանի առջև, կփութա արդարանալ այդ գրությամբ, պաշտպանելով իր կյանքն ու գործը։
Ղազար Փարպի գյուղեն է, որ կա մինչև այսօր և կգտնվի Արագածի հարավային ստորոտը, Օշականեն ոչ շատ հեռու։ Այդ գյուղին մոտ է Ղադրևան երբեմնի թրքական գյուղը, ուր ըստ ժողովրդի, թաղված է Ղազար։ Իր Թուղթեն կիմանանք, թե եղած է Աղան Արծրունիի աշակերտը, որ Վահան Մամիկոնյանի քեռին էր, և անոր հետ ապրած է Գուգարաց աշխարհի տեր Աշուշայ Բդեշխի տունը։ Աշուշա, որուն կինը Վահանի մորաքույրն էր, ազատած է Վահանը և իր եղբայրները Պարսկաստանեն,