Այսպիսով մեր շեշտադրության կարգը Մառի ասելով եղած է վերջընթեր վանկը շեշտել․ ժողովուրդը պահել է այդ կարգը․ հին հայն ուներ «քաղաքի» բառ, ուստի ասում էր «քաղա՛քի» (վերջընթերը շեշտած), նոր հայն ունի «քաղաք» բառը և ասում է «քաղա՛ք»– (կրկին վերջընթերն է շեշտած)։ Բառն է փոխված և ոչ թե շեշտի կանոնը։ Ըստ էության սակայն Ն․ Մառն ևս ընդունում է, որ գրաբար բառերի վերջին վանկն է շեշտված, որոնք երբեմն վերջընթեր էին։ Բայց նա ևս մի նորություն է ասում․ այսինքն՝ սղած վանկերը բոլորովին մթագնած չէին հին հայերենի մեջ․ և գրաբարի քերականության շատ բնորոշ երևույթները այդ հանգամանքով կարելի է բացատրել։
Ամփոփելով գիտունների մտածումը՝ կարող ենք ասել, թե նրանց կարծիքով հնագույն հայերենի մեջ շեշտը վերջընթեր վանկի վրա էր․ դրա հետևանքով բառերը կորցրին իրենց վերջին վանկերը և Ե․ դարում՝ երբ գրի առնվեց գրաբար լեզուն՝ մեր բառերը շեշտվում էին վերջին վանկի վրա։ Հետագայում հայոց բառերը երկրորդական շեշտ ունեցան (Մեյե), իսկ սղած հին վանկերը բոլորովին չմթագնեցին (Մառ)։
Նախքան առաջ անցնելը շտկենք այստեղ Մեյեի տեսությունը երկրորդական շեշտի մասին։
«Նոր հայերենի մեջ,– ասում է նա,– բացի գլխավոր շեշտը, որ զարկում է բառի վերջին վանկին, նկատելի է մի երկրորդական շեշտ, որ զարկում է առաջին վանկին, այս երկրորդական շեշտը ավելի առաջ գոյություն ուներ, քան բառամիջի ա-ի անկումը, որ առաջ եկավ դասական լեզվի հաստատումից հետո․ և իսկապես ա-ն ընկնում է այն ժամանակ, երբ նա գտնվում է առաջին և վերջին ձայնավորի միջև»։ Եվ բերում է «հաւատամ»–«հաւտամ» օրինակը։
Երկու կողմից պետք է սահմանափակել այս կարծիքը. նախ ծավալի տեսակետով։ Թեև ճիշտ է, որ արևմտյան բարբառների մեջ «թագաւորը» դառնում է «թագւոր» և «հաւատամը»՝ «հաւտամ», բայց օրինակ Ղարաբաղի բարբառում նույն բառերը դառնում են «հըւատամ» և «թքաւեր», ուրեմն Մեյեի դիտած երևույթի ազդեցությունը բովանդակ հայ լեզվի վրա չի տարածվում։ Երկրորդ՝ այդ օրենքները պետք է ճշտել ժամանակի տեսակետով. ոչ միայն դասական լեզվից հետո, այլև առաջ գործած է նույն օրենքը․ այսպես՝ դասական «յիսուն» բառը նույն ինքն Մեյեի կարծիքով ծագած է մի նախաւոր «հինգիսուն» ձևից (Gram., էջ 73), արդ՝ եթե միջին վանկն ընկնում է այն պատճառով, որ գտնվում է առաջին և