Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց երանգը և «կարգ» բառը հնչվում էր գ-ով և ոչ այսօրվան պես «կարք»ի և «մարդ» բառը իրոք դ ուներ և ոչ թե թ-մարթ։ Բայց երբ սովորություն դարձավ՝ նոր լեզվի արտասանության կարգով՝ այդ ը-երը չարտաբերել, այն օրվանից բառավերջի բաղաձայները սկսեցին թավանալ և հնչողի բերանում գ-ն դարձավ ք, իսկ դ-ն՝ թ։ Այդ ը-երը չէին գրում հին ժամանակ, իսկ նորերը գրել չէին կարող, որովհետև ը-ն նոր լեզվում որոշիչ հոդ է և եթե գրեին «կարգը» կհասկանային մի որոշ, հայտնի «կարգ»։ Եվ հետո՝ նա կարծում է, որ մեր ը գիրը հնարած են հետագային։ Իբր ապացույց իր տեսության նա բերում է «մոգ» բառը, որ Ավետարանի թարգմանության ժամանակ մեր լեզվից անցած է վրացերենին, սակայն «մոգու» ձևով։

Վրացիները չունին ոչ ը գիրը, ոչ հնչյունը. լսելով հայերեն «մոգը», վրացին այդ ը-ն արտահայտած է այն գրով, որի սղումն է այդ ը-ը և գրած է «մոգուի», իր գոյականի սովորական վերջավորությունը (ի) դնելով մեր բառի վրա. եթե հին վրացին հին հայի բերանից «մոգ» լսած լիներ, այն ժամանակ պետք է այդ բառի ուղղականը գրեր «մոգի», բայց նա գրում է «մոգուի», հետևապես նա լսած է ուրիշ բան, քան պարզապես «մոգ»։

Դժվար չէ հերքել այս տեսությունը։ Նախ ինչու՞ ենթադրել, որ վրացին լսած է «մոգը» և գրած է «մոգուի». ինչու՞ չէր կարող պարզապես լսած լինել «մոգու»։

Մոտ 900 բառ մեր լեզվից անցած է վրացերենին։ Սրանց մասին հետազոտություն ունի վաստակավոր լեզվաբան Հ. Աճառյանը։ Այդ բառերի շարքին են պատկանում. «կալ, շյուղ, ծեփ» և ուրիշ բառեր, որ վրացին տառադարձած է իբր «կալօ, շուլօ, ծեբօ»։ Այդ բառերն անշուշտ՝ Ն. Մառին լսելով՝ պիտի արտասանվեին հայերեն «կալը, շյուղը, ծեփը», բայց վրացին չի գրում «կալուի, շուլուի, ծեբուի», ինչպես գրում է «մոգուի», այլ «կալօ, շուլօ, ծեբօ»։ Այս հիման վրա կարելի է ասել, որ նա լսած է «մոգու» և ոչ թե «մոգը»։ Ուրիշ խոսքով այն, ինչ որ հիմա խուսափուկ կամ սուղ ը- է, մի ժամանակ նշմարելի ձայնավոր էր մինչև իսկ օտար ականջի համար։ Ոչ մի հիմք կա ենթադրելու, թե մեր ը-ն հնարված է Ս. Մեսրոպից հետո. ի՞նչպես էին ուրեմն գրում «ընդ նմա», «ըստ օրինաց», «ընկալ» և այլն...

Բաղաձայների փոփոխությունը կապ ունի այդ ը-երի հետ, որ իբր չեն հնչում մեր նոր լեզվի մեջ։ Մենք տեսանք, որ այսօր իսկ այդ հնչյունը լսվում է բառավերջի բաղաձայնից հետո իբր սուղ կամ խուսափուկ ը։ Հայ մարդու բերանը չի կորցրել դ, գ և նման գրերի ճիշտ արտասանության