Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խնճույքն ու քեֆը սովորական էր, իսկ ուրախ հավաքույթները թաղերի մեջ, երեկոյան մոտ, երբ տան գործն ու աշխատանքը վերջացած էին, մի բնական պահանջ էր կարծես։ Աղջիկները մեկի տան բակի մեջ հավաքված՝ դափի ներդաշնակ հարվածով և բերանի եղանակումով սկսում էին պար գալ երկար, սրախոսելով ու քրքջալով, միջահասակ կանայք տան դռներին նստած խմբովին բամբասում էին կամ կատակում և անվերջ ու սրտանց ծիծաղում։ Երբեմն աղջիկներից մեկն ու մեկը դուրս էր գալիս ու սրանց քաշում ներս և ստիպում, որ պարեն։ Աղմուկն ու ծիծաղը բռնում էր տուն ու երդիք։

Մեր թաղում ապրում էր մի կույր միջահասակ կին, քոռ Մային, որ գիտեր քամանչա նվագել և հաճելի ձայնով երգել վրացերեն ու հայերեն։ Հսւճախ կանայք հավաքվում էին, կանչում քոռ Մայուն և նրա շուրջը բոլորած երգել ու նվագել տալիս և իրենք էլ ձայնակցում նրան։ Հետո դափն առնում և սկսում պարի եղանակ և պարում մեծ եռանդով ու սրտանց. երևում էր նաև հոգեպահուստ օղի կամ գինի, որ խմում էին իրար կենաց՝ սրախոսելով ու երբեմն չարախոսելով, բայց անցած–գնացածի մասին և ճրագները վառելուն մոտ ցրվում տները, գործից դարձող իրենց ամուսիններին դիմավորելու։ Վեց-յոթ տարեկան տղաները մարդահաշվի չէին, ուստի մայրերը նրանց տանում էին հետները այդ հավաքույթներին, ուր երգում էին Սայաթ-Նովայի երգերը, որ մանուկ տարիքից մնացին հիշողությանս մեջ՝ թե բառը և թե եղանակը։ Մեզ հարևան էր Կուզիկ Քալին, մի պառավ կին, որ Նալբանդ Օղլան նշանավոր երգչի թոռն էր, նրանից ես սովորեցի իր պապի երգերից մեկը, որ հետո գրի առնելով տվի Ս. Քամալյանին (գավառագիր հեղինակ) և տպագրվեց «Արձագանք» թերթի մեջ։ Նա պատմում էր, թե իր պապը գեղեցիկ տղամարդ էր, հիանալի նվագող, սազը ոչ թե առջևը առած՝ այլ քամակը բռնած էր նվագում և երգում, բայց սազը լարել չգիտեր, ուրիշները պետք է լարեին ու տային իրեն։ Ինձ ցույց էր տալիս իրենց տան հին ձեռագիրը, որ հիմա չեմ հիշում թե ինչ էր, բայց մեծ դիրք ուներ (գուցե Հայսմավուրք), շատ ստվար հատոր էր, հիմա կարող եմ հիշելով ասել, թե բոլորգիր էր, գլխագրերը մարդագիր ու ձկնագիր և լայն լուսանցքների վրա վեղարավոր վարդապետներ նկարած գունավոր։ Ես փորձում էի իմ փոքրիկ մատներով այդ գրերն ու պատկերները ընդօրինակել։

Հայրս քեֆ սիրող արհեստավոր էր, սիրում էր լավ խմել ու խաղ կանչել, սովորաբար թաթար բայաթիներ, մանավանդ երբ իր ազգականները գալիս էին գյուղից։ Տունը դառնում էր մի հարսանքատուն, գինին