Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նա ավելի չէ, քան իր վարժապետը։

Ահա թե ինչու բարձրացնել վարժապետի նկարագիրն ու խորացնել նրա հմտությունը՝ նշանակում է ազնիվ ու գիտուն աշակերտներ ունենալ, իսկ ազնիվ ու գիտուն աշակերտ պատրաստել՝ նշանակում է համայնքը զորացնել։ Այսպիսով վարժապետը ազդակներից մեկն է համայնքի մտավոր ու բարոյական բարեշրջման։ «Ինչպես տերտերը՝ այնպես էլ ծուխը»,– ասում է ռուս առածը։

Յուսաբեր, 1954, № 218


Հայաստանի համալսարանի բացումը[1]

Չնայած որ մեր երկիրն ավերված է ․․․ մեր ժողովուրդը աղքատության մեջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան։ Այն, ինչ որ մենք ունենք այսօր, ձեռք է բերված սերունդների արյունով, հարգենք նրանց հիշատակը (ամենքը լուռ ոտքի են կանգնում – խմբ․)։ Մենք վերաշինում ենք մեր տունը և հիմնում կրթության տաճարներ՝ առանց խորհելու, թե ի՞նչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը․ մեր մեջ հավատ կա, որ այս անգամ հայոց ազգի նավը դուրս կգա փոթորկից անփորձանք։ Մեր թշնամիները չեն հաջողելու, և այն ջահը, որ մենք վառում ենք Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի և կլուսավորե Առաջավոր Ասիան։ Անցնում է մղձավանջը և պայծառանում Հայաստանի երկինքը։ Դեռ մեզ համար բոլոր վտանգներն անցած չեն, դեռ մեկ ձեռքում սուր պիտի ունենանք, բայց արդեն ժամանակն է, որ մյուս ձեռքում գրիչ բռնենք[2]։

Խորտակվում է արդեն Թուրքիան և թող շուտ հասնի նրա խորտակման ժամը, որովհետև այդ պետությունը կործանել է քաղաքակրթություններ՝ արաբական, բյուզանդական, հայկական, վրացական և այլն, որովհետև ճիշտ են ասել մեր պատմիչները, թե մաշեցին նրանք մեր ժայռերը և տեղը թողին անապատ։ Չկա նաև Ռուսաստանի բռնապետությունը, և այս երկու բռնապետությունների խորտակումից նոր հորիզոններ են բացվում մեզ, մենք պետք է հաղորդակցության մեջ մտնենք արևմուտքի հետ։

  1. Յառաջ, 1920, Երևան, № 26-27․․․ Հանդեսը բաց արավ համալսարանի տեսուչ պրոֆ․ Իվ․ Ղամբարյանը, որից հետո ընդարձակ ճառ խոսեց հանրային կրթության նախարար Ն․ Աղբալյանը:
  2. Ապա հիշելով դաշնակիցների հաղթությունը՝ շարունակում է․