Հարգելի պ․ Ավետիք
Այսօր պ․ Հովհաննես Թումանյանն ինձ խնդրեց, որ հայտնեմ ձեզ հետևյալը. մի պարոն, որ ցանկացել է անհայտ մնալ և որ վաղը այստեղից մեկնում է, ցանկություն է հայտնել Մուրճը գնելու և ուզեցել է այդ գործը միայն Հ․ Թումանյանի միջոցով տեսնել, նա էլ ուզեցել է նամակ գրել, բայց ինձ որ տեսավ, ասավ թե՝ ես նամակ գրել չկարողացա, դու գնա և նրան (այսինքն ձեզ) ասա։ Մուրճ գնող պարոնը պատրաստ է այսօր իսկ բանը վերջացնել, նա ցանկացել է իմանալ միայն վերջնական գինը, որից այն կողմը ոչ մի սակարկություն չի կարող լինել, նաև այն պայմանները, որ դուք կդնեք ծախելիս։ Այս է բոլորը։ Տանը չէիք, դրա համար էլ գրեցի, պատասխանն ուզում էին․ պիտի «․․․» տանեի Թումանյանին․ բայց կմնա, որ երեկոյան անցնեմ և իմանամ։
Հարգանքով՝ Ն․ Աղբալյան
Սիրելի Օհաննես,
Ինչ խոսք, որ գրում եմ առանց հուսալու, թե պատասխան կստանամ։ Գրում եմ նրա համար, որ իմանաս, թե ինչպես է ապրում այստեղ վերնականը։ Երգիչ եմ, ժամ եմ ասում, մոմ բռնում, գրակալ դնում և ստանում եմ ամսական 15 ռ․, նաև հույսեր, որ հունվարից կստանամ 25 ռ։ Ունեմ մի դաս, որից հավանորեն կստանամ 15 ռ․, գնի մասին չեմ խոսել, ուրեմն 30 ռ․, հույսեր ունեմ ուրիշ դաս գտնելու։ Ուղիղ այդքան տալիս եմ սենյակի և ճաշի, մնացածը հոգում եմ իմ խնայած 40 ռ․, որից 20-ը արդեն կերել եմ։ Այնուամենայնիվ, տրամադրությունս լավ է, դեռ համալսարան չեմ մտել, բայց առանց այդ էլ խիստ կանոնավոր կյանք եմ վարում։ Առավոտը 7-8-ին ոտքի վրա եմ․ մարմնամարզություն սենյակիս մեջ՝ մերկ, ապա, թեյ+հաց ու պանիր, կարդում եմ որևէ ծանր բովանդակության գիրք, հետո գերմաներեն։ Ժամը 11-ին գնում եմ գրադարան։ Սկզբում կարդում եմ մաթեմատիկայից, կրկնում եմ առայժմ անցածս, ապա ռուս գեղարվեստի պատմությունը 12 պրակ, Новинк-ու, ողորմելի գիրք ընդհանուր առմամբ, սակայն որից կարելի է երկու փոքրիկ հոդված շինել կամ երեք։
Ամփոփումներ անում եմ, ապա որևէ լրացուցիչ գիրք իմ իմացած բաների