Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծանոթագրություններ

Աղբալյանը գրական գործունեությունն սկսել է 1896-ի կեսերից։ Առաջին տպագիր ելույթը Ալ. Շիրվանզադեի «Կրակ» պատմվածքի մասին էր («Մուրճ», 1896, № 9, էջ 1172-1174), «Գրախոսություն» բաժնում, Ն. Աղբալյան ստորագրությամբ)։

Ամսագրի ավանդույթներից մեկը հայերեն գրքերի մասին (ինքնուրույն, թե թարգմանական, գեղարվեստական, թե գիտական) գրախոսականներ տպագրելն էր։ «․․․ Հայկական գրքերի ․․․ մասին հաշիվ տալը մեր այդ բաժնի («Գրախոսություն» բաժնի – Գ. Ա.) առաջին նպատակն է»,– հավաստում էր Արասխանյանը («Մուրճ», 1889, № 10, էջ 1657)։ Այս խնդրի իրականացման համար ևս նա անընդհատ որոնում և ամսագրի հետ կապում էր երիտասարդ, շնորհալի ուժեր։ Աղբալյանը նրանցից էր։ Խմբագիրը իրավունք ուներ գրեթե մեկ տասնամյակ հետո գրելու, չի կարելի ուրանալ այն մեծ նշանակությունը, որ «ամեն գրականության մեջ ունի մի զուտ գրական, զերծ ամեն անմաքուր միտումներից գրախոսությունը այնպես, ինչպես «Մուրճն» է հասկացել ․․․ վարվելով այդ գործում ամենայն շրջանկատությամբ, որպեսզի միգուցե անմաքուր ձեռքերով չգան ու անձնական հաշիվներ չմաքրեն այլևայլ ապիկար գրչակներ, քննադատությունը չդարձնեն բարեկամների խաթրի և չարակամների վրիժառության ասպարեզ։ Մենք պնդում ենք, որ «Մուրճից» առաջ չկար այսպես հասկացված քննադատական մի բաժին մեր պարբերական հայ մամուլի մեջ․ պնդում ենք, որ «Մուրճի» այդ բաժինը, շնորհիվ իր սիստեմականության և անշեղ ուղղության, արդեն իսկ յուր բարերար ազդեցությունը արել է հայ գրականության վրա» ․․․ («Մուրճ», 1896, № 10, էջ 1422)։

Համընդհսւնուր ճանաչում ստացած այս գնահատականը Արասխանյանի մահվան կապակցությամբ գրած հոդվածներում հաստատում է Աղբալյանը ևս։ Այս մթնոլորտում դաստիարակված քննադատը որդեգրեց ավանդույթը՝ հավատարմորեն կիրառելով այն ոչ միայն ամսագրին աշխատակցելիս և «Հորիզոնն» ու «Նոր հոսանքը» խմբագրելիս, այլև ամբողջ կյանքում։

Չորս տարվա ընթացքում (1896-1899) «Մուրճում» հրատարակեց շուրջ հինգ տասնյակ գրախոսություն ու հոդված։

ՀԱՌԱՋԱԲԱՆ

(էջ 5)

Աղբալյանի շատ գրություններ բաժանել են իրենց հեղինակի դժվարին ճակատագիրը։ Այս «Հառաջաբանը» գրել է 1920-ին հրատարակվելիք «Գրադատականների» (սա Աղբալյանի առաջարկած վերնագիրն է) առաջին հատորի համար։ Հատորը չհրատարակվեց, իսկ «Հառաջաբանի» ձեռագիրը 73 տարի լռեց արխիվներում։

«Գուցե մի կամ երկու էջ հառաջաբան ուղարկեմ»,- հայտնում է հրատարակիչ Մ. Էփրիկյանին 1920-ի փետրվարի 11-ին հղած նամակում (տես՝ Ն. Աղբալյան, «Նամակներ, պաշտոնական գրություններ», կազմեց, առաջաբանը և ծանոթագրությունները հեղինակեց Գառնիկ Անանյանը, Երևան, 2002, էջ 79-81)։