Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծելով, թե ավազակի է հանդիպել, ձին թողնում է ու փախչում։ Նազարը դառնում է մի ձիու տեր։

Ընկնում է մի հարսանքատուն։ Քահանան կարդալով Նազարի դրոշակի վերտառությունը, թե մի զարկով ջարդում է հազար՝ Նազարենց գյուղի քահանայի ծաղրը հալած յուղի տեղ է ընդունում և ահա վախկոտ Նազարը հասնում է պատվի և հռչակի։

Յոթ հսկաներ տեսնելով Նազարին իրենց ամրոցի տակ պառկած մեն մենակ և լսած լինելով նրա հռչակը՝ նրա ահից դողալը համարում են բարկության նշան և ահա Նազարն ունի յոթ հսկա ծառա և նրանց սիրուն քրոջն իբր նշանած։

Հսկաների աշխարհում մի վագր է լույս ընկել։ Նազարը սարսափած ծառն է բարձրացել ու պատահմունքով վայր ընկել վագրի մեջքին։ Վագրը վազում է խելահեղ։ Նազարը հազիվ է իրան պահում վագրի մեջքին, իսկ ժողովուրդը կարծում է, թե նա վագրին ձի է շինել ու վրան նստել։ Եվ ահա Նազարի անօրինակ քաջության գովքն են երգում ամեն տեղ, նա դառնամ է հսկաների քրոջ ամուսինը։

Հարևան թագավորը կռվի է գալիս հսկաների վրա, որ մերժել են իրենց քրոջ տալ նրան։ Նազարն իր ամեհի ձին պահել չի կարող, նա ձեռքը ձգում է մի ծառի ճյուղի, փտած ճյուղը մնում է ձեռին։ Ձին վազում է դեպի թշնամին և նրանք կարծում են, թե Նազարը հարձակվում է ծառերն արմատահան անելով։ Եվ ահա Նազարը հաղթական ու թագավոր մի ամբողջ աշխարհի։

Այս է հեքիաթի բովանդակությունը։ Բանաստեղծն իր կողմից տալիս է հետևյալ մանրամասները։ Երբ հարսանքատանը իմանում են, թե իրենց անակնկալ հյուրը Քաջ Նազարն է, մարդիկ են գտնվում, որոնք ներկայանամ են իբր հին ծանոթներ, պատմում են նրա քաջություններից, բացատրում են նրա ծառա չունենալն ու ժանգոտ սուր կապելը, խորհրդավոր մեկնություն են տալիս նրա ամենապարզ շարժումներին և ամենուրեք տարածում են նրա հռչակը։

Այս հեքիաթը մեծ առնչություն ունի Անդերսենի այն հեքիաթի հետ, ուր մի թագավոր հանդիսավոր թափորով անցնում է քաղաքի փողոցներով բոլորովին մերկ, իսկ ժողովուրդն ու պալատականները սքանչանում են նրա անտեսանելի և նուրբ հագուստի վրա, մինչև մի մանուկ, իր անմեղության մեջ բացականչում է. «բայց նա բոլորովին մե՜րկ է»։

Երկու հեքիաթում էլ մի մտավոր կուրություն, որ արդյունք է ինքնաներշնչման իշխում է ամենքին։ Ոչ թագավորի հպատակներն են տեսնում նրա մերկությունը, ոչ Նազարի շրջապատը՝ նրա ոչնչությունը։