հաճելի է ձգտումը դեպի վեր, դեպի նորն ու լիարարը, որ հափշտակում է, տիրանում է մարդուն բովանդակ ու մոռցնում է ունայնությունն աշխարհի։
Սայաթ-Նովան ասում է.
- Չունքի մահս յարեմեն է, թող լի մեռնեմ լավ գոզալով...
Այսինքն քանի որ մահս յարից է գալիս ինձ, թող որ լավ գեղեցկուհու ձեռքից մեռնեմ։
Մեր Լ. Շանթն ասում է թեկուզ և կյանքն ուժերի մի անիմաստ խաղ է, բայց ապրենք գեղեցիկ խաղեր, սրտանց ու սրտալի։
Մի ժամանակ նա ասում էր.
Միայն երկի՛նք, գեթ մի անգամ
Պետքի գալս սրտես զգամ։
Հիմա ոչ թե պետքի գալն է արժեքավորն, այլ լիակատար ապրումը կյանքի։
Բայց անհնարին է բուռն ու լիասիրտ ապրել, երբ գիտես, թե ամեն ինչ անիմաստ է և անարժեք և ոտքիդ տակ ունայնության փոսն է բերանաբաց։ Այս է պատճառը, որ Լ. Շանթի հերոսները բուռն ու զորավոր չեն և ոչ անմիջական.
Շանթը տարիներ ապրած է Էջմիածնի կրոնաբույր և ազգաշունչ մթնոլորտի մեջ, ու թեև աշխատած է հետևողական ճիգերով հին ժառանգությունը քայքայել, բայց լիովին ազատված չէ նրանից, որովհետև կաթի հետ մտածը հոգու հետ է դուրս գալիս, և այսօրվան հայ մտավորականը մեր հին վանականի հաջորդն է, և Լ. Շանթին երկնած է այն ազգը, որ տված է Նարեկացի։ Ունայն է աշխարհը, բայց գեղեցիկ է խիզախ մտածումը։ Մերժելի է հին ժառանգությունը, բայց գրավիչ է նորի կերտումը։ Այո, սերն ու գործը լիցք են ունայնության, բայց ամեն սեր ու գործ նույնարժեք չեն և միապես վայել չեն մարդուն։ Մարդիկ էգեր են և արուներ, մինչդեռ նրանք պետք է լինեն այրեր և կիներ։ Նա է այրը, որ ստեղծագործում է, բայց ոչ թե զավակներ, այլ արվեստ և նա է կինը, որ նպաստում է այր մարդուն ստեղծագործելու արվեստ։
Հիսուսն ասում էր. կան ներքինիներ, որ ակամա դարձած են ներքինի, բայց և կան, որ իրենց անձերն ըրած են ներքինի երկինքի արքայության համար։ Արուից վեր կանգնած է կամավոր ներքինին, որ կերտում է արվեստ և էգից վեր կանգնած է կամավոր ամուլը, որ նպաստում է արվեստի ստեղծումին։ Այո, աշխարհն ունայն է և խաղ անիմաստ ուժերի, բայց լավագույն խաղն արվեստն է և լավագույն սերը ստեղծագործ