Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճակատդ լույս ու ճաճանչ
Եվ ժպիտով հոգեթով,
Եվ ձայնիդ մեջ՝ սիրո կանչ։
Շուրջդ գարնան բույր ու շաղ,
Շուրջդ կարկաչ ու կանաչ։

Ո՞ր բարեձև հայ աղջիկը չէ այսպես, մանավանդ գարնան բույր ու շաղին մեջ, երբ ջրերը կարկաչեն և ծառերը կանաչեն։ Եվ մանավանդ երբ անոր նայողը խանդաբորբ պատանի մըն է։ Եվ ո՞ր պատանին չէ խանդաբորբ արևասուն գարունին։ Ոչ թե աղջիկը, այլ ինքն է բացառիկ, իր սիրտն է բացառիկ, ուր սիրածին կորուստը անբուժելի բեկում կստեղծի և խորին վերք կբանա, որ թեև կսպիանա, բայց չի դադրիր կոտտալ և մորմոքիլ։

Ուխտած էի քեզ չտեսնել, կասե բանաստեղծն իր սիրածին, բայց նորեն հանդիպեցա.

Քուրիկ, վերքս լավ է հիմի.
Մի սև սպի տեղը կա։
Էն սև սպին սև ամպի պես
Սևցուց դեմքը արևի.
Ու ման կուգամ սև շուքի պես
Սարե՜ր, ձորե՜ր ամայի...

Այնուհետև բանաստեղծը կյանքին և աշխարհին կնայի այդ սև սպիին տեսանկյունից և անոր պահվածքը կյանքին մեջ այդ սև սպին է, որ կորոշե։ Ան բազմազան ելքեր կորոնե իր վերքեն ազատելու– և իր ոգեկան ողջության ու թարմության հասնելու և իր երգերը այդ որոնման հետքերն են տրոփուն։ Նախ ինքն իրեն սիրտ կուտա և կըսե իր սրտին. մի՛ վհատիր, տանջվիր, հուսա։ Հեստ վաղանցուկ երազով կմխիթարվի. գուցե սիրածը հետ գա։ Այնուհետև անմխիթար լացով կ'անցնեին իր օրերը։ Աշխարհը սակայն կ'երթա իր կարգով. սիրածն ուրիշի ծոցին մեջ, իսկ ինքը մինակ ու մոլոր։ Կհեռանա այն աշխարհեն ու միջավայրեն, ուր իր սիրտն արյունեցավ և կթափառի լեռ ու ձոր, օտար աշխարհներ, միշտ մեն-մենակ և իր վշտին հետ. սև սպին կմռայլե իր մտքին աչքն ու լույսը։ Աշխարհը, մարդն ու աշխարհը կդառնան անարժեք, ամեն ոք և ամեն վարմունք կթվա կեղծ ու պատիր, ընկերը դավադիր, կինը՝ դրուժան, համայնքը հանցապարտներու և խարդախներու հավաքույթ մը և մինչև իսկ տիեզերքը դավադիր մարդու բախտին դեմ։ Ասկե կծնի հաճախանքը լիակատար մեկուսացման և անվախճան թափառումին, որ աղբյուրն