Արդեն կզգա մահվան շունչը, և խորապես։ Տրտում աչքերով կտեսնե և շատ պարզ, որ ամեն ինչ անցավոր է այս աշխարհին մեջ և, ավա՜ղ, անցած են արդեն իր կյանքին թարմ օրերը, կտևե կյանքը տիեզերքին մեջ և ինքն է, որ մոտ է չքացման։
Այս ապրումները կծնեն բազմաթիվ գեղեցիկ տաղեր, բայց ունայնության տաղտուկը կծավալի սրտին մեջ։
Մեկ միջոց կար «ունայնությսւն փոսը» լցնելու և իր ստացած վերքը մեղմելու – հանրօգուտ և տնական աշխատանքը։ Բայց ան երգիչ է և երկնի թիթեռ և ուրեմն անկայուն և տպավորական։ Ու քանի որ տպավորական, բայց և ազատատենչ և խորքով կարեկից, ուստի համակիր և համազգաց է ազատագրական լայն շարժումներու։ Հանրային կյանքի շառաչումներուն անոր հոգին կարձագանքե ամրակուռ և շառաչուն երգերով, որ ծնած են ֆիդայական շարժումեն, հայ-թաթարական ընդհարումներն, Ռուսաստանի հանուր հեղափոխության գոռ ալիքներեն և աշխատավոր դասերուն համայնացունց խոյանքներեն։ Բայց ամենը դիպվածական են։ Ան ոչ թե վարիչ է և կամ առաջնորդ, այլ մեծատաղանդ համակիր։ Պողպատը քիչ է իր բնույթին մեջ և կամքի պրկումն անբավարար։ Իր մարտական երգերուն միմիայն Ե. Չարենցը մրցորդ երևաց, բայց ան հեղափոխության համակիր չէր միայն, այլև մարտիկ էր միանգամայն։ Հանրային լայն շարժումներուն համակիր ներապրումը կրնա ոգիները հափշտակել առժամայն, բայց չի կրնալ սրտին վերքերը բուժել. և գոռ ալիքներն անցնելով՝ նույն մարդն է իր վշտով և մահու սարսուռով, որ կտեսնենք մեր բանաստեղծին մեջ։ Իր մարտական տրամադրությունները թողած են անկորնչելի հետք մը - Ուստա Կարոն– որ ինքն է այլափոխ։
Այս է Ա. Իսահակյանին ոգեկան ընթածիրը, նախ մաքուր և երազուն պատանի, հետո սրտաբեկ հոգի, այնուհետև սիրասթափ և հիասթափ մարդ մը, որ ելքեր կ'որոնե հանրային շարժումներուն և զգայական սիրո մեջ. ապա նկուն կյանք մը և դառնացած սիրտ ու մտայնություն։ Բայց տառապանքեն իր սիրտն դաժան չէ դարձած և ոչ փոխված է անոր խորքը, որ բարի է, բնաբույս։ Եվ ան մեզ և իր զավակին կկտակե.
«Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա»։
Բացառի՞կ է հոգեկան կյանքի այն ընթածիրը, որով անցած է Ա. Իսահակյան։ Ո՛չ։ Այդ ընթածիրն է բոլոր մաքուր և երազուն հոգիների։ Ո՞ր պատանին է, որ չէ երազած և ո՞ր հասունը, որ չէ հիասթափ։ Այն ո՞վ է, որ չէ վշտացած, երբ չէ հասած իր երազածին։ Ո՞վ չէ հաճույքին կառչած