― Ես դա երբեք գաղտնիք չեմ դարձրել։ Ամենամոտ աջակիցները պայքարի գործընկերներն են՝ «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ վարչության անդամները եւ Շարժման այն հարյուրավոր գործիչները, որոնք թեպետ չեն երեւացել միտինգների հարթակներում, հեռուստատեսային էկրաններին ու թերթերի էջերում, բայց առանց որոնց անհնար էր ե՛ւ «Ղարաբաղ» կոմիտեի, ե՛ւ ՀՀՇ-ի գործունեությունը։ Դրանք հարյուրավորներ են։
― Ո՞րն է այսօր այն ամենաէական, սկզբունքային խնդիրը, որի առնչությամբ Դուք կդիմեիք ողջ հայ ժողովրդին։
― Ազգային իրական միասնությունը։ Յուրաքանչյուր ազգի փափագը ազգի ներդաշնակությունն է, համերաշխությունը։ Մեր պայքարի սկզբում, սպեկուլյատիվ նկատառումներով, առաջ էր քաշվում այն տեսակետը, թե մեր ժողովուրդը փոքր ժողովուրդ է, բազմաչարչար, մեծ վտանգների ենթարկված, եւ մեզ բոլոր պայմաններում անհրաժեշտ է ազգային միասնություն, համախմբում եւ այլն։ Այս գաղափարը շատերն էին շահարկում Շարժման դեմ պայքարելու համար։ Իհարկե, ազգի համախմբումը, համերաշխությունը այնպիսի գաղափարներ են, որ չենք կարող մերժել։ Միշտ էլ պետք է ձգտել դրան, բայց մենք հասկանում էինք, որ այդ կոչերը հիմնականում կեղծ էին, եւ դա արվում էր պարզապես Շարժումը վարկաբեկելու համար։ Անհնար էր համերաշխությունն, ասենք, ժողովրդական շարժման եւ իշխանությունների միջեւ՝ այնպիսի իշխանությունների, որոնք ծառայում էին ոչ թե մեր ժողովրդի շահերին, այլ Մոսկվային։
Դրանք կեղծ կոչեր էին եւ ուղղակի արվում էին քաղաքական վարկ ձեռք բերելու համար։ Դրանց հեղինակներն էլ քաջ գիտակցում էին, որ այդ միասնությունը, համերաշխությունը իրական չեն եւ չեն էլ կարող լինել։ Սակայն այսօր, երբ Հայաստանում ստեղծվել է մի իշխանություն, որն իսկապես ժողովրդի ընտրած իշխանությունն է եւ չի ենթարկվում Կենտրոնի թելադրանքներին, արդեն իրական պայմաններ են ստեղծված ազգային համերաշխության համար։ Համերաշխությունը, ներդաշնակությունը չեն ստեղծվում որեւէ կուսակցության, որեւէ իշխանության թելադրանքով կամ բարոյական ու դասակարգային հորդորներով։ Համերաշխություն ու ներդաշնակություն հնարավոր է միայն գա