Այսուհանդերձ, խորհրդարանական խմբերի մակարդակով պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պատրաստված են, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի հետ։
― Մի շարք հանրապետություններ արդեն պայմանագրեր են կնքել, սակայն արդյունքները, ասենք՝ մթերային կամ արդյունաբերական մատակարարումների գծով, չեն երեւում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։
― Կարծում եմ, հանրապետությունները դեռեւս չեն գիտակցում, որ իրենց գործողությունների համար պետք է մշակեն ընդհանուր պլատֆորմ, նրանք դեռ հանրապետական էգոիզմից չեն «բուժվել»։ Միայն երկկողմանի պայմանագրերով ոչինչ լուծել չի հաջողվի։
― Ինչքա՞ն կշարունակվի այդ «հիվանդությունը»։
― Կարծում եմ՝ ոչ երկար։ Կենտրոնը կստիպի շտապել։
― Մասնավոր սեփականությունը ձեր ներքին քաղաքականության հիմքն է։ Հայաստանի ապագան կապիտալիստակա՞ն է։
― Չնայած մեր բռնած կուրսին, դեռ երկար ժամանակ պետական սեփականությունը կգերակայի։ Այնպես որ, եթե կապիտալիզմ է, ապա՝ պետական կապիտալիզմ։
― Ինչպե՞ս են ձեւավորվում ձեր հարաբերությունները մերձավոր հարեւանների հետ։ Ես վերջերս եղել եմ Վրաստանում, ուր լսեցի մտքեր այն մասին, որ Հայաստանն ինչ-որ տարածքային պահանջներ ունի այդ հանրապետությունից։
― Նման խոսակցությունները, եթե նրանք կան էլ, ոչ մի հիմք չունեն։ Վրաստանի հետ հարաբերությունները մենք դիտում ենք իբրեւ ավանդական-բարեկամական, մտադիր ենք հետագայում էլ պահպանել ավանդույթները։ Մեզ մտահոգում է միայն, որ այնտեղ ապրող հայերն ունենան բնիկներին հավասար իրավունքներ ու հնարավորություններ։
― Ո՞ր սկզբունքներն են գերակշռում Ձեր քաղաքականության մեջ՝ ազգայի՞ն, թե՞ համամարդկային։
― Հայոց համազգային շարժումն (ՀՀՇ) իր էությամբ ազգային-ժողովրդավարական է։ Եւ այդ սկզբունքը մեզ համար անբաժանելի է, քանի որ ազգայինն առանց ժողովրդավարության տանում է ազգայնամոլ